ArmStyle

Հանրայինի եթերում տեղի է ունեցել Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որը երգչուհին կներկայացնի Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում։

Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան և Սթեֆանի Քրաթչֆիլդ։

Տեսահոլովակը Հայաստանի հանրային հեռուստաընկերության և գերմանական «BLACKSHEEP Communications»-ի համատեղ արտադրանքն է:

«Երգն ամբողջությամբ հիմնված է երգչուհու ներաշխարհի, խտացված ապրումների ու զգացմունքների վրա: Սիրո ալիքը մեկ վայրկյանում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ սեփական կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով սոց. ցանցերում մեծ մասսայականություն է վայելում։

Իվետա Մուկուչյանը նախապատրաստական և մրցութային փուլերում համագործակցելու է Kivera Naynomis նորաձևության տան հետ։

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում:

Ելույթների ճշգրիտ հերթականությունը հայտնի կդառնա մարտին։ Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): -0-