Աստղեր

Ջոննի Դեփն ու Էմբեր Հերդը 2016 թվականի մայիսի 26–ին հայտարարել են ամուսնալուծության մասին։ Բաժանման պատճառն ի սկզբանե ձևակերպվել էր որպես «անհաղթահարելի տարաձայնություններ»։ Մայիսի 27–ին դերասանուհին մեղադրել է Դեփին ընտանեկան բռնության մեջ։

Վանեսսա Պարադին, ում հետ Դեփն ապրել է 14 տարի մինչև Հերդի հետ սիրավեպը, բաց նամակ է գրել, որում պաշտպանում է իր նախկին ամուսնուն` պնդելով, որ նա երբեք ձեռք չի բարձրացրել կանանց վրա։

DEPP PARADIS

«Ջոննի Դեփը իմ երկու երեխաների հայրն է։ Նա զգայուն և սիրող մարդ է։ Ամբողջ սրտովս հավատում եմ, որ վերջին հայատարարությունները պարզապես սուտ են։ Այն տարիներին, որ ապրել եմ Ջոննիի հետ, ոչ մի անգամ չեմ ենթարկվել ընտանեկան բռնության։ Դա նման չէ այն մարդուն, ում հետ 14 հիանալի տարիներ եմ անցկացրել»,– գրել է Պարադին, հայտնում է Glamour.ru–ն։

Ավելի ուշ Պարադիի և Դեփի դուստրը` Լիլի Ռոուզ Դեփը, ինստագրամում հրապարակել է մանուկ ժամանակվա իր լուսանկարը հոր հետ, որը մեկնաբանել է հետևյալ կերպ` «Իմ հայրիկն ամենաբարի և սիրող մարդն է, որին ճանաչում եմ։ Միշտ իմ և եղբորս համար հիանալի հայր է եղել, և բոլոր նրանք, ովքեր հայրիկիս ճանաչում են, նույնը կասեին»։

Այնուհետև Լիլի Ռոուզը ներկայացրել է People ամսագրի կայքում հրապարակված հոդվածի սքրինշոթը, որում ասվում է, որ 2016 թվականի մայիսի 21–ին Լոս Անջելեսի ոստիկանությունը եկել է Դեփի և Հերդի տուն ներքին միջադեպի ահազանգով, բայց հանցագործության կազմ չհայտնաբերելով` պատճառ չի գտել հետաքննություն սկսելու համար։

Դեփի առաջին կինը` Լորի Էն Էլիսոնը, ում հետ դերասանն ամուսնացած է եղել 1983-1985 թվականներին, հաստատել է Պարադիի և նրա դստեր խոսքերը։ TMZ–ին տված մեկնաբանություններում նա ասել է, որ իրենց ամուսնության ընթացքում դերասանը նրա վրա ձեռք չի բարձրացրել և չի բղավել։ Ըստ նրա, Ջոննին միշտ «փափուկ մարդ» է եղել։