ArmStyle

«Օկեան Էլզի» խմբի առաջնորդ և մենակատար, «Ուկրաինայի ձայնը» շոուի ժյուրիի անդամ Սվյատոսլավ Վակարչուկն «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, թե ինչու է նախագծից դուրս մնացել հայ մասնակից Դի Դիկովսկին։

«Ինձ թվում է, որ վերջին համարներում նա այդքան էլ համոզիչ չէր»,– ասաց Վակարչուկը։

Վակարչուկը նաև խոստովանեց, որ «Դլե յաման» երգը նրա սիրած հայկական երգն է։ «Ես լավ գիտեմ «Դլե յաման» խորհրդանշական երգը, դրա պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը։ Լսել եմ այն Ջիվան Գասպարյանի կատարմամբ, ում հետ կուզեի գործակցել»,– ասաց Վակարչուկը։

Հայ երգչուհի Դիանա Դիկովսկին կատարել էր «Դլե յաման» երգն «Ուկրաինայի ձայնը» վեցերորդ եթերաշրջանի կույր լսումների չորրորդ եթերում, որով առաջացրել էր ժյուրիի և հեռուստադիտողի հիացմունքը։

Կատարումը ցնցել էր ժյուրիի անդամներ Թինա Կարոլին, Իվան Դորնին, Սվյատոսլավ Վակարչուկին և Ալեքսեյ Պոտապենկոն։ Նրանք բոլորը շրջվել են դեպի մասնակիցը և սկսել են համոզել նրան իրենց մոտ գնալու համար։ Դիանան նախընտրությունը տվել է Իվան Դորնին։ Բայց հետագա փուլերից մեկում դուրս է մնացել մրցումներից։ Նա բազմաթիվ մրցույթների և փառատոների դափնեկիր է, ելույթ է ունենում ջազի համաշխարհային կատարողների հետ, մասնակցում է բազմաթիվ նախագծերի, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, Իգոր Բուտմանի ջազ ակումբի ռեզիդենտ է։

2014 թվականին Դիանան մենահամերգներով ելույթ է ունեցել Երևանում և Գյումրիում, 2015 թվականին` Երևանում։