ArmStyle

D’Black Blues Orchestra հայտնի երաժշտական համույթն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը խոստանում են Սիրահարների օրը շքեղ համերգ կազմակերպել Երևանում։

D’Black Blues Orchestra–ն և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենան փետրվարի 14–ին` Սուրբ Վալենտինի օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգը նվիրված է լեգենդար բրիտանացի ռոք–երաժիշտ Էրիկ Քլեփթոնի 70–ամյակին։

Մենք առաջին անգամ չենք Հայաստանում, սակայն նմանատիպ խոշոր ծրագրով առաջին անգամ ենք մասնակցում։ Փետրվարի 13–ին մեր խումբը ելույթ կունենա Yans–ում, իսկ 14–ին` ՄՀՀ–ում Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ», – ասաց D’Black Blues Orchestra խմբի կիթառահար Վլադիմիր Ավետիսյանը։

Նա նշեց, որ փետրվարի 14–ին խումբը հանդես կգա գրեթե իր ողջ կազմով (շուրջ 15 երաժիշտ)։

«Մենք գրեթե մեկ տարի փորձում ենք այս ձևաչափը նվագախմբի հետ միասին։ Բնական է, որ նորամուծություն չենք անում, քանի որ նման ձևաչափով ելույթ են ունենում բազմաթիվ խմբեր։ Կարծում եմ` սա գեղեցիկ է և հետաքրքիր ոչ միայն երաժշտական տեսակետից, այլ նաև այն պատճառով, որ, փաստորեն, վաղը չէ մյուս օրը մենք առաջին անգամ հանդիպում ենք երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ», – ավելացրեց Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ իրենց ուրախացրել է այն փաստը, որ նվագախմբի դիրիժորը երիտասարդ է, քանի որ նման ծրագիրը պահանջում է խիզախություն և հանդգնություն դասական երաժիշտների համար։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին ավելացրեց, որ երաժիշտներն անհամբերությամբ սպասում են համերգին։

«Այս համերգի կարևորությունն այն է, որ մենք աշխատելու ենք D’Black Blues Orchestra խմբի հետ։ Կհնչի շատերին հայտնի երաժշտություն, այդուհանդերձ, ունկնդիրներին կներկայացվի ամբողջովին նոր ձևաչափ», – նշեց Սմբատյանը։

Նա ընդգծեց, որ չնայած, որ երկու համույթները ծանոթացել են միայն այսօր, փետրվարի 14–ին նրանք ելույթ կունենան որպես ներդաշնակ համույթ, քանի որ հաղորդակցության լեզուն երաժշտությունն է։

D’Black Blues Orchestra համույթը համախմբել է աշխարհի հինգ երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Բելգիա, Շվեյցարիա, Իսպանիա) վառ և տաղանդավոր կատարողների։ Երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Մերձբալթիկայում, ինչպես նաև Հայաստանում և ԼՂՀ–ում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնվել է 2005 թվականին Սերգեյ Սմբատյանի կողմից։ 2007 թվականից Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է, 2009 թվականից` Երիտասարդական նվագախմբերի եվրոպական ֆեդերացիայի անդամ։ Նվագախումբը համագործակցել է այնպիսի հայտնի վարպետների հետ, ինչպիսիք են Վալերի Գյորգիևը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Վլադիմիր Սպիվակովը, Գրիգորի Ժիսլինը, Մաքսիմ Վենգերովը, Դենիս Մացուևը, Վադիմ Ռեպինը, Վահագն Պապյանը, Բորիս Բերեզովսկին և ուրիշներ։