ArmStyle

«Հայը կարող է խանդի համար ծեծել, ֆրանսիացին` ժպտալ, էմոցիաներն են տարբեր»

Հունիսի 9-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանի նոր` «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման պրեմիերան:

Ներկայացումը բեմադրվել է ֆրանսահայ ժամանակակից հայտնի դրամատուրգ Րաֆֆի Շարտի համանուն պիեսի հիման վրա:

Ֆրանսիական ոճով գրված պիեսը Նարեկ Դուրյանն ադապտացրել է` փոխելով կերպարների և՛ անունները, և՛ խառնվածքը: Ներկայացումը սկսվում է Դուրյանի և պիեսի հեղինակի հեռախոսազրույցով: Դուրյանը ներողություն է խնդրում հանդիսատեսից` ասելով, որ զրուցում է պիեսի հեղինակի հետ, միաժամանակ հանդիսատեսին ծանոթացնում է, թե ով է հեղինակը, ներկայացնում որոշ կենսագրական տվյալներ նրա մասին: Պարզվում է` Րաֆֆի Շարտը դիտել է այս ներկայացումը` մոնղոլների բեմադրությամբ, բայց իր համար անսովոր է եղել տեսնել ֆրանսիացի մարմնավորող մոնղոլներին: Դուրյանը հանգստացնում է պիեսի հեղինակին ` ասելով, որ ներկայացումն ադապտացրել է, ու որ Հայաստանում այլ կերպ են «ֆռացնում»…

Морис спектакль_article (3)

Այնուհետև, բեմում է հայտնվում ամուսնական զույգը` երիտասարդ հերոս Ռազմիկը և նրա սփյուռքահայ միլիոնատեր կինը` Մորիանը:

Կինը կասկածում է ամուսնուն դավաճանության մեջ, քանի որ ինչպես ինքն է ասում` սիրային հարցում արդեն հինգ ամիս է`իրենց գործերն այնքան էլ լավ չեն…Ռազմիկը, ով անշարժ գույքի գործակալությունում է աշխատում, պատճառաբանում է, թե այդ շուկայում ճգնաժամ է: Մինչդեռ իրականում պատճառը սիրային ինտրիգն է. նա դավաճանում է կնոջը…

«Հագնելու բան չունեմ, շորերս որտեղ կախեմ, պիտի նիհարեմ, բոլոր տղամարդիկ տականք են»: Սա էլ Ռազմիկի սիրուհու էությունն է:

Կնոջ դժգոհությունները բավական չեն, համառ սիրուհին էլ որոշել է վրեժ լուծել, պատրաստվում է գալ և կնոջը պատմել իրենց կապի մասին: Ռազմիկը չգիտի` ինչ անել: Ու այդ պահին օ, հրաշք, իրավիճակը փրկում է պարոն պատահականությունը: Այն պահին, երբ Ռազմիկը սպասում է սիրուհուն, պատահմամբ նրա տուն է գալիս ազնիվ մի տղամարդ` բարեգործական կազմակերպությունից, ով աղքատների համար հին շորեր է հավաքում:

Մեկ րոպեով այցի եկած Մորիս անունով տղամարդը, ում մարմնավորել է Նարեկ Դուրյանը, դառնում է այս խճճված պատմության գլխավոր գործող անձը: Ռազմիկը Մորիսին խնդրում է հագնել կանացի զգեստ ու որպես իր սփյուռքահայ կին ներկայանալ և տանից դուրս հրավիրել սիրուհուն: Հենց այդ պահին էլ բեմում սկսվում է իսկական կատակերգություն… Երկու ժամ տևողությամբ ներկայացման ընթացքում դահլիճում ծիծաղ ու ծափահարություն էր…

Морис спектакль_article (2)

«Այս ներկայացումը մեկ միլիոն հանդիսատես է դիտել Փարիզում, պիեսի հիման վրա երեք ֆիլմ է նկարահանվել։ Այն բեմադրվել է աշխարհի 54 երկրներում։ Ես երևի այդքան երկրի անուն անգիր չգիտեմ: Ափսոսացի, որ Հայաստանում հայազգի հայտնի այս դրամատուրգին չեն ճանաչում ու որոշեցի ծանոթացնել»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նարեկ Դուրյանը:

Նրա խոսքով` սերը, դավաճանությունը, խանդը աշխարհի ամեն հատվածում էլ լինում են, «տարբերությունն այն է, որ հայը կարող է խանդի համար ծեծել, ֆրանսիացին` ժպտալ, էմոցիաներն են տարբեր: Այդ պատճառով էլ ներկայացումը հայկականացրել եմ: Հայ տղամարդուն ամուսնացրել եմ ֆրանսահայ հարուստ կնոջ հետ, ով ամբողջ օրը գործերով այսուայն կողմ է վազում, մինչդեռ ամուսինը կնոջ գումարներով կյանքն է վայելում…»։

Քանի որ ներկայացման մեջ կան բաց տեսարաններ, Նարեկ Դուրյանի խոսքով, որոշ հատվածներում անհրաժեշտ է եղել ծայրահեղ զգույշ լինել անպարկեշտ չթվալու համար: «Թեև այսօր մեծ տեղեկատվության հոսք կա համացանցից, այդուհանդերձ, մի փոքր վախեցանք ու նույնիսկ +16 դարձրինք: Ինքնին արդեն ծիծաղելի է, երբ տղամարդը գալիս է ու գրկում ինձ… աղի վրա մի քիչ էլ աղ լցնելը ճիշտ չէ»:

Սիրային եռանկյունու վերաբերյալ այս ներկայացման ընթացքում Դուրյանը նուրբ հումորով անդրադառնում է նաև Հայաստանում տիրող իրավիճակին` չինական պատը համեմատելով հայաստանյան առանձնատների պարիսպների հետ:

Морис спектакль_article (1)

Ռազմիկին մարմնավորած Ռաֆայել Երանոսյանը զրույցում խոստովանեց, որ թեև դերն իրեն շատ հոգեհարազատ է, բայց դա չի նշանակում, թե կյանքում էլ ինքն այդպիսին է ու խաբում է աղջիկներին: «Վաղուց եմ ծանոթ Նարեկ Դուրյանին և նրա արվեստին, ինձ համար պատիվ է խաղալ մեծ վարպետի հետ: Երկու ներկայացում ենք դեռ խաղում, բացի դրականից, վատ բան չեմ լսել»:

Դերասանի խոսքով` որպես գնահատական կարելի է նշել հանդիսատեսի ծիծաղն ու բուռն ծափահարությունները ներկայացման ամբողջ ընթացքում:

«Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ հանդես են գալիս Նարեկ Դուրյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գալստյանը, Տաթև Միրումյանը, Զավեն Աբրահամյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Գոհար Կարապետյանը: Ներկայացման պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը: