Աստղային կյանք

Հանրաճանաչ երգչուհի Սելենա Գոմեսը հայտարարություն է արել մամուլի և երկրպագուների համար: Նա հայտնել է, որ ժամանակավոր ավարտում է իր հյուրախաղերը ծանր հիվանդության` համակարգային կարմիր գայլախտի սրման պատճառով:

Դեռ չէր հասցրել 24–ամյա Սելենա Գոմեսը հաջողությամբ ավարտել իր համաշխարհային հյուրախաղերը (տարեվերջում նա պետք է մեկներ Եվրոպա և Հարավային Ամերիկա), երբ հայտարարեց, որ դադար է վերցնում, հաղորդում է Dni.ru-ն:

Նշենք, որ արդեն երկու տարի է, ինչ Սելենան իմացել է ցավալի ախտորոշումը։

Հավանաբար, ակտիվ աշխատանքի պատճառով հիվանդությունը բարդություններ է առաջացրել: «Ինձ համար պարզ դարձավ, որ անհանգստությունը, խուճապի նոպաները և դեպրեսիան կարող են գայլախտի հետևանքներ լինել, և դրանք ևս կարող են մի շարք խնդիրներ առաջացնել: Ես ցանկանում եմ ակտիվ լինել և կենտրոնանալ իմ առողջության և երջանկության պահպանման վրա, ուստի որոշել եմ, որ լավագույն լուծումը դադար վերցնելն է», — Գոմեսի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Հիշեցնենք, որ գայլախտի ժամանակ օրգանիզմի իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում, որոնք «հարձակվում» են սեփական հյուսվածքների վրա: Այդ ամենը հանգեցնում է մաշկի, մկանների և հոդերի, ինչպես նաև սրտանոթային, նյարդային համակարգի և այլ օրգանների ախտահարման: Որպեսզի օրգանիզմը չդադարի գործել, բուժումը պետք է սկսել հիվանդության առաջին իսկ նշաններից: Սովորաբար նշանակվում են հորմոններ և իմունային համակարգը ճնշող միջոցներ:

Ի դեպ, 2014 թ.-ին Սելենա Գոմեսն արդեն իսկ վերցրել է դադար իր կարիերայում: Այն ժամանակ նա ստիպված եղավ հապճեպ ավարտել իր հյուրախաղերը, քանի որ հիվանդությունը սրվել էր: Երգչուհին խոստովանել է, որ նա կաթվածի եզրին էր: