Երաժշտություն

t.A.T.u. խմբի ամենահայտնի հիթերի հեղինակ Սերգեյ Գալոյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ամերիկյան Good Charlotte խմբի դեմ` «Я сошла с ума» և «Нас не догонят» երգերի գրագրողության համար, հայտնում է life.ru-ն։

Պրոդյուսերի կարծիքով, հանրաճանաչ ռոք-խումբն ուղղակիորեն գողացել է արդեն իսկ հայտնի երգերի երաժշտությունը, որոնք թողարկվել են 2001 և 2002 թթ.-ին, և օգտագործել դրանք իրենց երգերում, որոնք լույս են տեսել 2007 թ.-ին (Victims Of Love) և 2010 թ.-ին (No Communication):

«Որոշ ժամանակ առաջ t.A.T.u.-ի երկրպագուները Facebook-ով ինձ գրեցին և ուղարկեցին ինձ այս երգերը: Անկեղծ ասած, շատ զարմացա: Good Charlotte-ը Ամերիկայում շատ հայտնի խումբ է, իսկ նրանք այսքան բացահայտ երաժշտություն են գողանում: Ես անմիջապես գրեցի ԱՄՆ-ի Sony Music Entertainment-ում իմ հրատարակչին, նա լսեց և ևս շոկ ապրեց: Երաժշտությունն ուղղակի նոտա առ նոտա կրկնվում է: Այժմ ես տղաներին պատժելու մեթոդ եմ փնտրում», — ասել է Գալոյանը Life-ին:

Չնայած, որ երգերը լույս են տեսել ավելի քան հինգ տարի առաջ, Գալոյանը նոր է որոշել ռոք-աստղերին պատասխանատվույան ենթարկել: «Ես դեպքեր եմ ունեցել, երբ Քեթի Փերին երաժշտություն է փոխառել իր երգի համար, բայց այդ պարագայում ամեն ինչ այդքան ակնհայտ չէր, իսկ այստեղ բացահայտ գողություն է: Հիմա ես երաժշտագետ եմ փնտրում, որը կկարողանա զբաղվել փորձագիտությամբ: Հենց որ արդյունքները պատրաստ կլինեն, ես հայց կներկայացնեմ կամ ամերիկյան կամ բրիտանական դատարան: Այդ տղաները կարծում են, որ մենք Ռուսաստանում ենք նստած և չենք կարող նրանց հասնել, սակայն կտեսնենք, թե ինչ կլինի նրանց հետ առաջիկայում:

Good Charlotte-ի անդամները` խմբի մենակատարի` Քեմերոն Դիասի ամուսին Բենջի Մեդենի գլխավորությամբ բազմիցս խոստովանել են, որ համակրում են ռուսական դուետին։