ArmStyle

Երևանում հուլիսի 10–17–ը կկայանա «Ոսկե ծիրան» XIII կինոփառատոնը:

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին միջոցառման կազմակերպիչները, այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25–ամյակին, այդ իսկ պատճառով «Ոսկե ծիրան»-ը շեշտադրելու է հայրենական ֆիլմերը:

Այս տարի փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում կներկայացվեն շուրջ 135 ֆիլմեր:

«Այս տարի անցկացվող «Ոսկե ծիրանը» մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 25–րդ տարեդարձը, չէ՞ որ փառատոնն այդ անկախության ծնունդն է», – նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նա ավելացրեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որտեղ ներառված են վերջին 25 տարում նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը։

Միջազգային կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվեն վերջին շրջանում միջազգային լավագույն փառատոներին մասնակցած ֆիլմերը։

«Կներկայացվեն դանիական, իրանական ֆիլմեր, որոնք երբեք չեն մասնակցել փառատոնին», – ավելացրեց Խաչատրյանը։

Նա նշեց, որ փառատոնը կմեկնարկի Հայաստանում 90 տարի առաջ նկարահանված «Զարեհ» ֆիլմով, որն առաջին ֆիլմն է` նվիրված քրդերին և եզդիներին։

«Այս տարի փառատոնին կմասնակցեն մեծ թվով հայկական ֆիլմեր», – ավելացրեց Խաչատրյանը։ Նա չնշեց կինոյի և արվեստի հայտնի գործիչների անունները, որոնք այս տարի հրավիրված են Երևան։ Խաչատրյանը հայտնեց, որ նրանց անունները կհրապարակվեն փառատոնի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։

Նա նշեց, որ փառատոնի ժամանակ տեղի կունենան Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» և Աննա Արևշատյանի «Բարի առավոտ» երկու հայկական ֆիլմերի պրեմիերաները;

«Ոսկե ծիրանի» շրջանակում այս տարի նախատեսված են մի շարք ծրագրեր` «Հայկական կինո. արդի ժամանակներ», «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին» նվիրված ծրագիրը, ինչպես նաև «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերը։

«ԱՌԿԱ Style» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D’honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: