ArmStyle

Կինեմատոգրաֆի նորույթների համաշխարհային պրեմիերաներ կկայանան Երևանում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում, որը կանցկացվի հուլիսի 10–17–ը, չորեքշաբթի լրագրողներին ասաց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Կինոփառատոնի շրջանակում կկազմակերպվեն ֆրանսիական, գերմանական, ռուսական, լեհական, անգլիական, դանիական կինոյի օրեր, որոնց ժամանակ կցուցադրվեն միջազգային հեղինակավոր կինոփառատոններին ներկայացված լավագույն ֆիլմերը», – ասաց Հարությունյանը։

ՀՀ–ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատիաս Քիսլերն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում կինոփառատոնի կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև փառատոնին ներկայացված ֆիլմերի որակը։

«Այդ պատճառով Գերմանիան այդքան հետաքրքրված է փառատոնին մասնակցելու հարցում։ Տասներեք տարվա ընթացքում մեր երկիրը «Ոսկե ծիրանի» շրջանակում ներկայացրել է 200 ֆիլմ։ Այս տարի հուլիսի 12–ին կկազմակերպվի գերմանական կինոյի օր։ Մասնավորապես, տեղի կունենա «24 շաբաթ» ֆիլմի պրեմիերան, որը մասնակցել է «Բեռլինալե» կինոփառատոնին», – ասաց Քիսլերը։

Նա տեղեկացրեց, որ այդ ֆիլմի գերմանական պրեմիերան նախատեսված է այս տարվա աշնանը։

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆեյը նշեց, որ Ֆրանսիան հաճույքով է մասնակցում ծիրանի բույր ունեցող փառատոնին։

«Այս տարի փառատոնին ներկայացված է ֆրանսիական ֆիլմերի հարուստ ծրագիր։ Մասնավորապես, «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն Տուլըմոնդի «Աննա», Դելիբայի «Մի գնդակով երկու նապաստակ» և Լեոնի «Երկու Ռեմի, երկու» ֆիլմերը», – ասաց Ֆեյը։

Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնը կեզրափակվի Դարդեն եղբայրների «Անծանոթուհին» ֆիլմով։

Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը հիշեցրեց, որ Ռուսաստանում 2016 թվականը հայտարարված է կինոյի տարի, ինչն առանձնահատուկ ակտուալություն է հաղորդում միջազգային հարթակներում ռուսական կինոյի ներկայացմանը։

««Ոսկե ծիրանը» ամենավառ և հագեցած փառատոնն է ԱՊՀ տարածքում։ Փառատոնին կներկայացվի հինգ ռուսական ֆիլմ, այդ թվում` մրցութային ծրագրերում», – ասաց Կալինինը։

Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Թովմասյանն իր հերթին նշեց, որ Անգլիան այս տարի ծրագիր է պատրաստել` նվիրված Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին։ Նախատեսվում է ցուցադրել ռեժիսորներ Լորենս Օլիվյեի, Քենեթ Բրանայի, Պոլանսկու, Զեֆիրելլի և ուրիշների աշխատանքները։

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

«Ոսկե ծիրան» 13–րդ միջազգային կինոփառատոնին կներկայացվի մոտ 135 ֆիլմ։ Այս տարի փառատոնի պատվավոր հյուրը կլինի բրիտանացի կինոդերասանուհի, համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ Ժակլին Բիսեթը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D’honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: