Կինո

«Ողջ մնացածը» ճանաչվել է 2015 թ.–ի լավագույն ֆիլմը ԱՄՆ–ի ռեժիսորների գիլդիայի կողմից։ Մրցանակը հանձնվել է ֆիլմի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին, հաղորդում է РБК–ն` հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին։

Գիլդիայի կողմից լավագույն դեբյուտանտ–ռեժիսոր է ճանաչվել Ալեքսանդր Գարլենդը, ով նկարահանել է «Մեքենայից դուրս» ֆիլմը, իսկ Մեթ Հեյնեմանն արժանացել է մրցանակի «Կարտելների երկիր» վավերագրական ֆիլմի համար։

Հունվարի 31–ին «Ողջ մնացածը» ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո ԴիԿապրիոն արժանացել է Screen Actors Guild Awards մրցանակին (ԱՄՆ–ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ) «Լավագույն դերասան» անվանակարգում։

Մեկ շաբաթ առաջ Պրոդյուսերների գիլդիան լավագույն ֆիլմ էր ճանաչել «Իջեցման խաղ» ժապավենը։

ԴիԿապրիոն «Ողջ մնացածը» ֆիլմի համար արժանացել է ԱՄՆ–ի կինոքննադատների մրցանակին` որպես լավագույն դերասան։ Նա արժանացել է նաև «Ոսկե գլոբուսի» «Գեղարվեստական–դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում։