ArmStyle

Հայաստանում ավելի շատ մարդիկ են հակված այն մտքին, որ տնային կենդանուն ավելի լավ է «որդեգրել», քան գնել։ Այս ամենին հիմնականում նպաստում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք մեր երկրում զբաղվում են կենդանիների իրավունքների պաշտպանությամբ։

Եթե որոշել եք շուն կամ կատու պահել և միաժամանակ ցանկանում եք օգնել թափառական գոնե մեկ կենդանու, ապա պետք է դիմեք կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը, որը խնամում է անօթևան կենդանիներին։ Ձեզ կներկայացնեն «որդեգրման» ենթակա կենդանիների մի մեծ ցանկ։

Չէ՞ որ հասարակության մարդասիրության մասին, առաջին հերթին, վկայում է վերաբերմունքն այն էակների նկատմամբ, ովքեր չեն կարող իրենց մասին հոգ տանել։ «ԱՌԿԱ Style»–ը ձեր ուշադրությանն է ներկայացնում որդեգրված շների մասին մի քանի պատմություն, որոնք երջանիկ ավարտ են ունեցել։

Նարե և Լաքի

«Լաքին ապրում էր մեր բակում։ Ես և հարևաններից մի քանիսը կերակրում էինք նրան։ Եվ մի օր Լաքին անհետացավ։ Պարզվեց, որ նրան տարել են թափառական շների համար նախատեսված ապաստարան։ Այնպես ստացվեց, որ ես այդ ժամանակ գնում էի երկրից։ Մենք չտեսնվեցինք մոտ տասնհինգ օր։ Երբ նա ինձ տեսավ, «արտասվեց»։ Ես ևս հուզվեցի և հասկացա, որ չնայած արդեն շուն ունեմ, սակայն պետք է վերցնեմ Լաքիին։ Նա աշխարհի լավագույն և ամենահավատարիմ շունն է», – պատմեց Նարեն։

Նրա խոսքով` Լաքիին խնամելը շատ հեշտ է, քանի որ նա փողոցում, ծանր պայմաններում ապրելու կյանքի փորձ ունի, շատ երախտապարտ է տիրոջը, անգամ խանդում է տանն ապրող մյուս շանը։

Էլիզա և Սև

Элиза и Сев_article

«Մայրիկիս հետ ուզում էինք շուն կամ կատու գնել, սակայն խանութում մեզ ասացին «որդեգրման» հնարավորության մասին։ Մենք մտանք կայք, տեսանք, որ այնտեղ շատ շներ և կատուներ կան։ Սևը մեզ միանգամից դուր եկավ, նրա հայացքը միանգամից գրավեց։ Մենք շատ ենք մտերմացել, և ես չեմ պատկերացնում կյանքն առանց նրա», – ասաց Էլիզան։

Նա նշեց, որ հաճույքով է խնամում Սևին։ «Զարմանում եմ, երբ մարդիկ բողոքում են, որ շները հաչում են։ Չէ՞ որ նրանք չեն կարող մլավել», – նշում է Էլիզան։

Եվա և Սևուկ

Ева и Севук_article

Երկու տարի առաջ, ձնառատ մի երեկո Եվան փողոցում գտավ ամբողջովին սև մի ձագուկի, նա վզին փողկապ հիշեցնող սպիտակ բիծ ուներ։ Եվան ձագուկին բերեց տուն։ Սևուկը միանգամից դարձավ ընտանիքի լիիրավ անդամ։

«Այսօր և՛ ես, և՛ ծնողներս չենք պատկերացնում, թե ինչպես կդասավորվեր մեր կյանքն առանց Սևուկի։ Նա մեր կյանքը լցրեց մարդկայնությամբ։ Սևուկն այնքան նվիրված է մեզ բոլորիս և այնքան է ուրախանում, երբ վերադառնում ենք տուն», – ասաց Եվան։

Նրա խոսքով` Սևուկին խնամում են ընտանիքի բոլոր անդամները, սակայն նրա հետ զբոսնելու պատվավոր պարտականությունն իր արտոնությունն է։

Քնարիկ և Լիզա

Кнарик и Лиза_article

Քնարիկը պատմեց, որ Լիզայից առաջ ուրիշ շուն ուներ։ Երբ այդ շունը մահացավ, Քնարիկը որոշեց փողոցից շուն որդեգրել` գոնե մեկ էակի օգնելու համար։

«Չեմ պատկերացնում, թե ինչպես են ապրում մարդիկ, ովքեր շուն չունեն։ Ինչքան էլ հոգնած, հիասթափված ես լինում, երբ գալիս ես տուն, նա այնպես է դիմավորում, որ մոռանում ես ամեն ինչի մասին», – ասաց Քնարիկը։

Նրա խոսքով` շան խնամքը մեծ պատասխանատվություն է, այն հավասար է երեխային խնամելուն։

Բարին սերմանել

Մեր բոլոր` թե՛ լավ, թե՛ վատ արարքները բումերանգի պես վերադառնում են։ Հուսանք, որ բարի գործերի շրջապտույտը գնալով կավելնա, և դրա դրսևորումներից մեկը հենց անօթևան կենդանիների «որդեգրումն է»։