ArmStyle

Նախօրեին Ծաղկաձորում տեղի ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Մնջախաղի փառատոնը մեկնարկել է Ծաղկաձորում օգոստոսի 10–ին։ Բացի մնջախաղից, փառատոնի ծրագրում ներառված են եկեղեցական, պարային, ակրոբատիկ, աճպարարական համարներ։

Փառատոնին մասնակցում են Սերբիան, Վրաստանը, Իրանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ու Ֆրանսիան ներկայացնող թատերախմբերը։ Հաջորդ տարվանից փառատոնը կդառնա ամենամյա և կանցկացվի նաև Հայաստանի մյուս քաղաքներում։ Իսկ այս տարի բեմադրություններ են ներկայացվում Երևանի Հյուսիսային պողոտայում և Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում։

фестиваль пантомимы 2016 5_article

Հայաստանը Մնջախաղի 5–րդ փառատոնում ներկայացրեցին Մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև Մնջախաղի թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն–ստուդիան։

Փառատոնի օրերին անցկացվեցին վարպետության դասեր, ինչպես նաև Առաջին համաշխարհային կոնֆերանսը, որի մասնակիցները քննարկեցին ժամանակակից մնջախաղի խնդիրները։

Մնջախաղը` որպես շփման յուրօրինակ միջոց

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը բարձր գնահատեց փառատոնի արդյունքները:

фестиваль пантомимы 2016 6_article

«Միջոցառումը ոչ միայն ներառում էր ներկայացումներ, այլ նաև ուներ շատ հագեցած աշխատանքային ծրագիր: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան մասնագիտական տեսանկյունից շատ օգտակար քննարկումներ», — ավելացրեց Դադասյանը:

фестиваль пантомимы 2016 4_article

Նա նաև ընդգծեց, որ ոչ պակաս ձեռքբերում է նաև այն փաստը, որ փառատոնն այսուհետ կդառնա ամենամյա:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանն իր հերթին, խոսելով փառատոնի արդյունքների մասին, ընդգծեց, որ դրանք տեսանելի կլինեն միայն որոշ ժամանակ անց:

фестиваль пантомимы 2016 3_article

«Այս տարի փառատոնին մասնակցել են Art of souls բրեյք-դանս խմբի պարողները: Նրանք պարզապես բրեյք-դանս չէին պարում, այլ թատերականացված պար էին ներկայացնում», — ընդգծեց Խոջոյանը` ավելացնելով, որ փառատոնը խթան կդառնա` թատերական տարրեր ներառող այս ուղղության զարգացման համար:

Հայացք դեպի ապագա

Փակման միջոցառման ժամանակ տեղի ունեցավ փառատոնի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի պատմության ընթացքում առաջին անգամ բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Լեոնիդ Ենգիբարյանի ոսկե մեդալներով, ինչպես նաև ստացան հավաստագրեր և հուշանվերներ:

фестиваль пантомимы 2016_article

Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանն ընդգծեց, որ փառատոնն իր բոլոր մասնակիցներին բարձրակարգ արվեստ և հաճելի պահեր նվիրեց:

«Մեր երկրի ցանկացած քաղաք պատիվ կհամարեր նմանատիպ փառատոն հյուրընկալել։ Մենք` Ծաղկաձորի բնակիչները, ի դեմս քաղաքաքապետարանի` շնորհակալ ենք կազմակերպիչներին և մասնակիցներին, որ այս հիասքանչ միջոցառման համար ընտրել են հենց Ծաղկաձորը» , -ընդգծեց Մկրտչյանը:

Մասնակիցներն` իրենց տպավորությունների մասին

Փառատոնի մասնակիցները և, մասնավորապես, օտարերկրացի հյուրերը, բոլորն անխտիր հիացմունք հայտնեցին միջոցառման կազմակերպման կապակցությամբմ` ընդգծելով, որ այն արվեստի տոն է:

Ինչպես նշեց «Ժիվոսվետ» մնջախաղի մանկապատանեկան թատրոնի ներկայացուցիչ Իրինա Մելիքյանը (ք. Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԴ) նրանք եկել են մասնակցելու փառատոնին` առաջին հերթին մնջախաղի վարպետներից սովորելու համար:

«Մեզ շատ դուր եկավ մասնակցել վարպետության դասերին: Այս հինգ օրվա ընթացքում մենք նայում և սովորում էինք: Մենք ուղղակի ապշած ենք, ինչպես միջոցառման կազմակերպմամբ, այնպես էլ նրա բոլոր մասնակիցների ընկերասիրությամբ: Ծանոթացանք Ուկրաինայից, Սանկտ Պետերբուրգից ժամանած դերասանների հետ, բոլորս արդեն փոխանակվել ենք կոնտակտներով», — ավելացրեց Մելիքյանը:

Միաժամանակ, Սանկտ Պետերբուրգի Հեքիաթի պետական տիկնիկային թատրոնի «Սիլենտիում» նախագծի դերասանուհի Յանա Սարաֆիննիկովան, ներկայացնելով իր տպավորությունները, նշեց, որ իր համար այս հինգ օրերը կարծես մեկ ամիս լինեին:

«Տպավորություններս շատ են, քանի որ այս օրերը շատ հագեցած էին: Սա հիանալի վայր է, այստեղ հիասքանչ բնություն է և հիասքանչ մարդիկ: Փառատոնի մասնակիցների հետ շփման ընթացքում մենք շատ ենք խոսել մասնագիտության, աշխատանքի մասին, ինչպես նաև` ինչ ենք սիրում և ինչով ենք զբաղվում», — նշեց Յանան։

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի տեղեկատվական աջակիցն է:

Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍՍ / Մխիթար Խաչատրյանի, Գևորգ Պերկուպերկյանի