ArmStyle

Օգոստոսի 10-ին Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:

«Օգոստոսի 10-ին մեկնարկում է Մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ժամանակին ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները», — երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր թատերախումբ բացման արարողությանը որպես նախաբան կներկայացնի մի հատված սեփական ներկայացումից։

Դադասյանն ընդգծեց, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը, որի շրջանակում օգոստոսի 11-ին առաջին անգամ նախատեսվում են դերասանների ելույթներ նաև Դիլիջանում:

Այս տարի Մնջախաղի փառատոնին կմասնակցեն դերասաններ և թատերախմբեր ութ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Ուկրաինայից և Իրանից: Նախատեսված են պարային և ակրոբատիկ ներկայացումներ, վարպետության դասեր, ինչպես նաև միջազգային կոնֆերանս` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոհանովիչի մասնակցությամբ:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն իր հերթին ասաց, որ Մնջախաղի փառատոնը տարեց տարի զարգանում է: «Մնջախաղը, որպես արվեստի ուղղություն, կարևոր է նրանով, որ այն ավելի հասկանալի և հասանելի է ընկալման համար», — հայտարարեց նա` ավելացնելով, որ այս տարի Մշակույթի նախարարությունը կրկնապատկել է փառատոնի ֆինանսական աջակցությունը:

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ փառատոնը քաղաքի բնակիչների համար արդեն ավանդական է դարձել: «Այս փառատոնը սպասված իրադարձություն է դարձել քաղաքի բնակիչների և հյուրերի համար, շատ տուրիստական օպերատորներ ներառում են փառատոնն իրենց տուրերի մեջ, իսկ քաղաքի հյուրանոցներն այս օրերին լեփ–լեցուն են», — ասաց Հարությույանը` շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին Ծաղկաձորն ընտրելու համար:

Ֆրանսահայ դերասան Վահրամ Զարյանը, ով ժամանել է Հայաստան հատուկ փառատոնին մասնակցելու համար, ներկայացրել իր ելույթի մանրամասները:

«Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցություն փառատոնին։ Ելույթիս ընթացքում կներկայացնեմ իմ վերջին բեմադրություններից երկու հատված, որոնք ներկայացնում են կյանքիս այն ժամանակաշրջանը, որն անցկացրել եմ Հայաստանում: Այստեղ ես ինձ երբեք հյուր չեմ զգում, քանի որ կարիերաս սկսել եմ հենց Հայաստանում», — ասաց Զարյանը:

Փառատոնի օրերին գործելու է Երևան-Ծաղկաձոր-Երևան անվճար երթուղին:

Փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է: