ArmStyle

Ծաղկաձորում առաջին անգամ անցկացվեց մնջախաղի միջազգային կոնֆերանսը, հայտնում է «Արմենպրես»-ը։

Մնջախաղի փառատոնի շրջանակում անցկացված կոնֆերանսի թեման պլաստիկ արվեստի զարգացման միտումները, պատճառներն ու հետևանքներն էին:

Կոնֆերանսը բացեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Մնջախաղը դասական անցյալի և անորոշ ներկայի միջև է» մնջախաղաց Մարկո Ստոյանովիչից մեջբերում կատարելով։

«Ըստ Ստոյանովիչի՝ մնջախաղը կարելի է պահպանել համախմբվածության միջոցով: Կարծում եմ՝ Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը նման հնարավորություն է ընձեռում»,- նշեց Ժիրայր Դադասյանը:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսները իրենց կարծիքներն արտահայտեցին ժամանակակից մնջախաղի և դրա խնդիրների վերաբերյալ:

Ֆրանսահայ մնջախաղաց Վահրամ Զարյանի խոսքով, մնջախաղային ներկայացումն այլևս դինամիկ գործողություններ ցուցադրելու հարթակ չէ, այլ առաջին հերթին միջոց է ստեղծագործելու և կյանքի կոչելու արվեստագետի և հասարակության միջև եղած էմոցիոնալ բախումները:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսներին հարցեր ուղղեցին, կարծիքներ հայտնեցին և հավելումներ արեցին նաև դահլիճում գտնվող մնջախաղի վարպետները:

«Մնջախաղը թատրոնի հիմքն է: Թատրոնը՝ պլաստիկ արվեստ: Մարդիկ առաջին հերթին պատկերի միջոցով են ընկալում թատրոնը: Ես այնքան էլ չեմ անհանգստանում մնջախաղի ապագայի համար, քանի որ կարծում եմ՝ մնջախաղը անհրաժեշտ է հանրությանը: Հաճախ ուսանողներիս հետ էտյուդներ ենք բեմադրում, այնուհետև ավելացնում բառերը: Ցանկանում եմ ասել, որ լեզուն չէ առաջնայինը: Ապագայում կառաջարկեմ Կինոյի և թատրոնի ինստիտուտում վարպետության դասեր անցկացնել՝ երիտասարդներին կատարելագործելու, նրանց մասնագիտական որակը բարձրացնելու համար»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանը:

Կոնֆերանսն ավարտեց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը՝ բեմական հավատի հանդեպ ունեցած մտավախությամբ:

Կոնֆերանսից հետո վարպետության դասեր անցկացրին Վահրամ Զարյանը, Գեորգի Խոջոյանը, «Ժիվոսվետ» մանկապատանեկան թատրոնը և Ջոն Ջեյքոբսը: