Կենսաոճ

Մեծ Բրիտանիայում ստեղծել են աշխարհում առաջին հարսանեկան զգեստը, որը կարելի է ուտել։ Զգեստը կցուցադրվի Լոնդոնում ապրիլի 16-17-ը նախատեսված հրուշակեղենի միջազգային ցուցահանդեսին, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Metro-ին:

Բացառիկ զգեստը ստեղծել են հրուշակագործներ Սիլվիա Էլբան (Sylvia Elba), Իվետտ Մարները (Yvette Marner) և նկարչուհի Իլյինկա Ռնիկը (Ilinka Rnic): Կանայք զգեստի վրա աշխատել են 300 ժամ:

Տոնական զգեստն ունի 170 սմ երկարություն և 75 կգ քաշ: Զգեստի ստեղծման համար օգտագործվել են վաֆլենման թղթի հազարավոր թերթեր, 35 կգ մարցիպան և տորթի համար նախատեսված 3 կգ դեկորատիվ ժանյակ: Նշվում է, որ քաղցր զգեստը հնարավոր չէ հագնել:

Ավելի վաղ ապրիլին Ցինդաո քաղաքի բնակիչն իր հարսնացուի համար 600 փուչիկից պատրաստել էր երկու հարսանեկան զգեստ: Փեսացուի հետ աղջիկը զգեստներից մեկով զբոսնել էր փողոցներով և մասնակցել ֆոտոշարքի: Լու Կեպենգը (Lu Kepeng) զգեստները նախագծել և ստեղծել է մեկ գիշերվա ընթացքում: Հարսանեկան արարողության համար նա պատրաստել էր սպիտակ զգեստ, իսկ երկրորդ զգեստի համար օգտագործել էր գունավոր փուչիկներ: