ArmStyle

Արցախցի պատանի Միքայել Գրիգորյանը (Միշա) կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի եզրափակչում, հաղորդում է մրցույթի կայքը:

Մրցույթը տեղի կունենա Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը: Եզրափակիչ փուլի մասնակիցները որոշվել են «Մանկական Նոր Ալիք 2016»-ի կիսաեզրափակչի երկրորդ փուլի արդյունքների հիման վրա, որը տեղի է ունեցել Մոսկվայի «Մյուզիք-Հոլլում»:

Ռուսաստանից եզրափակիչ են անցել Նոնա Եղայանը, Ալեքսեյ Զաբուգինը, Մարիա Միրովան և «Տրիո» խումբը, Աբխազիայից` Միլենա Բարցիցը, Վրաստանից` Լիզի Պոպը, Ղրղըզստանից` Վերոնիկա Ինկիկոն, Ուկրաինայից` Սոֆիա Բոնդարենկոն, Մարիա-Դանիելա Տրախտենբերգը:

Կորեան կներկայացնի Դաննիլ Յունը, Լատվիան` Անաստասիա Յաչմենկինան, Մալթան` Էլիա Մանյոնը, Ռումինիան` Դինա Իլինկան: Ավելի ուշ հայտնի կդառնա Ղազախստանի ներկայացուցչի անունը:

Առաջին անգամ «Մանկական Նոր ալիքը» անցկացվել է Մոսկվայում 2008 թ.-ին: Այն մեծ հաջողություն ունեցավ, իսկ 2009 թ.-ին միջոցառման կազմկոմիտեն ստացել է ավելի քան 4 հազար դիմում: 2010 թ.-ին մրցույթը տեղափոխվել է «Արտեկ»:

Միջոցառման կազմկոմիտեի աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը բարեգործական ծրագրի իրականացնումն է, այն է` շնորհալի երեխաների հայտնաբերման, աջակցման և զարգացման համակարգի ձևավորումը: