Աստղեր

Նախկին ամուսնու` Գայ Ռիչիի հետ որդու` Ռոքիի պատճառով դատավարությունից հետո Մադոննան սրտնեղած վիճակում մեկնեց համերգային շրջագայության` ներկայացնելու Rebel Heart նոր ալբոմը։ Երգչուհին հաճախ մոռանում է խոսքերը և խառնում է ելույթների շարժումները, հայտնում է Glamour.ru–ն։

Ավստրալիայում Բրիբսենի համերգին Մադոննան բեմ է հրավիրել իր երկրպագուներից մեկին։ «Սա այն աղջիկներից է, ում հետույքին ուզում ես մի լավ հասցնել…»,– ասել է Մադոննան` ձգելով աղջկա կարճ շապիկի եզրը։ Երգչուհին ակամայից ավելի շատ ուժ է գործադրել և պատահաբար մերկացրել աղջկա կուրծքը։ «Օյ, ներողություն։ Սեռական ոտնձգություն»,– Մադոննան ներողություն է խնդրել և գրկել է աղջկան։

Ավստրալիայի օրենքով, մարդիկ չեն կարող դիպչել միմյանց առանց թույլտվության` դա սեռական ոտնձգություն է համարվում։ Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ Մադոննայի դեմ քրեական գործ հարուցել կարելի է միայն այն դեպքում, եթե աղջիկը բողոք ներկայացնի։ Բայց 17–ամյա երկրպագու Ժոզեֆին Ջորջիուն Courier Mail–ին ասել է, որ երգչուհու արարքի մեջ որևէ զանցանք չի տեսնում։

«Չեմ կարծում, թե կուրծքս ինչ–որ շատ կարևոր մի բան է։ Ոչինչ չկա դրանում, – ասել է աղջիկը։ – Իսկապես, ինչու՞ պետք է դատի տամ Մադոննային կյանքիս ամենալավ պահի համար։ Բեմում գտնվելուս ընթացքում նա անընդհատ ասում էր, որ ես արժանի եմ Victoria’s Secret–ի հրեշտակի կոչման։ Դա շատ հաճելի է»։