ArmStyle

Երևանի պետական կամերային թատրոնի բեմում ապրիլյան պատերազմի օրերին գրված «Ճերմակ արագիլներ» պիեսի բեմադրությունն է։

Բեմում չորս երիտասարդներ են՝ Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը, Մխիթար Ավետիսյանը։ Բեմում դերասաններ են, սակայն չկա դերասանական խաղ։ Քառօրյա պատերազմում նահատակված հերոսների անմահ հիշատակին նվիրված ներկայացման ընթացքում հնչում են զոհված տղաների անունները: Դերասանները հանդիսատեսին են բաժանում նրանց լուսանկարները ու ընդգծում՝ ներկայացման ամենապատվավոր հանդիսատեսը այս տղաներն են…

Аисты_article (5)

Բեմում մենախոսություն է. հնչում է քննադատություն, մեղադրանք, նույնիսկ հայհոյանք՝ ուղղված այդ օրերին անտարբեր մնացած, ճշմարտության առաջ «աչք փակած» միջազգային հանրության հասցեին։ Այս խոսքերն ունեն հստակ հասցեատերեր՝ Բարաք Օբամա, Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին, Դմիտրի Մեդվեդև, Նուրսուլթան Նազարբաև և, իհարկե, Ռեջեփ Թայիփ էրդողան ու Իլհամ Ալիև։

Դերասանները հեգնանքով խոսում են Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, երկակի խաղեր վարող Եվրոպայի, մեծ տերությունների սեփական շահերի ու այդ շահերից բխող քաղաքականության մասին։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնորոշվում են «մենք` նրանց, նրանք՝ Ադրբեջանին» բանաձևով։

Аисты_article (1)

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա դերասանները հեգնանքով նշում են. «Եթե մեզանում դուդուկն է ազգային գործիք, նրանց մոտ կացինն է։ Ռամիլ Սաֆարովը կացնահարում է հայ սպային ու հերոսի կոչում ստանում, իսկ փափկասուն քաղաքական գործիչները մեզ սովորեցնում են՝ ինչպես կոնսենսուսի գալ այս դեպքում»։ Դերասանների խոսքը երբեմն հարցուպատասխանի է վերածվում:

Նրանք մերթընդմերթ դիմում են Աստծուն՝ հարցնելով, թե երբ պետք է նա հնչեցնի իր մեղադրական խոսքը։

Аисты_article (4)

«Ներկայացման վերջում գալիս ենք մի եզրակացության՝ ոչ մի ուժի վրա հույս դնել իմաստ չունի, նույնիսկ Աստծո։ Միակ հակահարվածը, որ կարող է լինել, մեր տղաների արձակած փամփուշտն է։ Հույսը պետք է դնենք մեզ վրա։ Անիմաստ է ամեն անգամ ասել` ռուսն այսպես չարեց, ֆրանսիացին այնպես չարեց։ Պատմությունը ցույց է տվել, որ նրանց վրա հույս դնելը միշտ կործանարար հետևանք է ունեցել»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց պիեսի հեղինակ և բեմադրիչ Արա Երնջակյանը:

Ըստ նրա՝ ներկայացումը ոչ թե բողոք է, այլ փաստերի արձանագրում։

«Հույսը պետք է դնենք ինքներս մեզ վրա, այդ ժամանակ երևի Աստված էլ մեզ կօգնի, ու ամեն ինչ իր տեղը կընկնի», – նշեց Երնջակյանը։

Аисты_article (2)

«ԱՌԿԱ Style»-ի թղթակցի դիտարկմանը, թե բեմադրիչը, մեղադրելով միջազգային հանրությանը, շրջանցել է հայաստանյան իշխանությունների սխալները, Երնջակյանը պատասխանեց. «Այս ներկայացումը նվիրված է զոհված տղաների հիշատակին։ Հայաստանյան իշխանություններին անդրադարձ չեղավ, քանի որ այդ խնդիրը դրված չէր։ Տղաների դիմաց եղել է թշնամի, թիկունքում՝ հայրենիք։ Տղաները զոհվեցին՝ անկախ նրանից իշխանությունները այսկերպ վարվեին, թե այլ։ Իրենք իրենց պարտքը կատարեցին։ Մեր խնդիրն էր ևս մեկ անգամ տղաներին հիշել, գնահատել նրանց զոհաբերությունը։ Ավելորդ վերլուծականներ չէինք ցանկանում տալ, քանի որ հակառակ դեպքում կպղծեինք զոհված տղաների հիշատակը»։

Այդուհանդերձ, Երնջակյանը նշեց, որ չի բացառվում՝ առաջիկայում նաև հենց այդ խնդրին ուղղված հատուկ ներկայացում բեմադրվի։

Ինչ վերաբերում է ներկայացման ձևին, Երնջակյանը նշեց. «Ամբողջ բեմադրության ընթացքում ինձ զսպում էի, որ բեմադրական հնարք չանեմ, քանի որ դա ավելորդ կլիներ, այստեղ ավելի կարևոր էր խոսքը, հանդիսատեսի հետ կապը։ Կարծում եմ՝ հանդիսատեսը դա գնահատում է, քանի որ ներկայացումից շատ հուզված է դուրս գալիս»։

«Ճերմակ արագիլներ» ներկայացման ամբողջ հասույթը տրամադրվելու է զոհված զինծառայողների ծնողներին։