ArmStyle

Ներկայացվել է  «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մրցութային երգի տեսահոլովակի թիզերը:  Երգը կոչվում է «LoveWave», նշվում է Eurovision.am կայքում։

 

«Երգն ամբողջությամբ հիմնված է երգչուհու ներաշխարհի, խտացված ապրումների ու զգացմունքների վրա: Սիրո ալիքը մեկ վայրկյանում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ սեփական կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան և Սթեֆանի Քրաթչֆիլդ։

Մարտի 2-ին երգը հանդիսատեսին կներկայացվի համանուն տեսահոլովակով, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության և գերմանական «BLACKSHEEP Communications»-ի համատեղ արտադրանք է:

Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով սոց. ցանցերում մեծ մասսայականություն է վայելում: Նա համագործակցել է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, եղել դրանց գովազդային դեմքը:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):