Երաժշտություն

Հայտնի իտալացի երգիչ Էրոս Ռամազոտտիի երևանյան համերգների կազմակերպիչ Forpostart Production պրոդյուսերական ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի երգչի երևանյան համերգը կայանա, երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Forpostart Production և Show Star ընկերությունների գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ չեղյալ են հայտարարվում Ռամազոտտիի համերգները Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում։ Իտալացի երգչի Perfetto 2015/2016 համաշխարհային շրջագայության պրոդյուսերական ընկերությունը հայտարարել է, որ իտալացի երգչի շոուներն այդ երեք երկրներում տեղի չեն ունենա, քանի որ ռուսական կազմակերպիչ Global Communications ընկերությունը խախտել է պայմանագրում ամրագրված պարտավորությունները։ Միաժամանակ երգչի պաշտոնական կայքում տեղեկատվություն չկա համերգների չեղյալ հայտարարման մասին, տոմսերը վաճառվում են։

«Մեր միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի` Global Communications–ը համերգի պատվիրատուն է, իսկ Forpostart Production–ը` կատարողը», – ասաց Մխեյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին նա Մոսկվայում է և սպասում է, որ Global Communications–ը պաշտոնապես հաստատի երևանյան համերգի չեղյալ հայտարարման մասին։

«Դրանից հետո մենք դատական կարգով պատվիրատուից կպահանջեք վնասի փոխհատուցում, որը տեղի է ունեցել իրենց կողմից պարտավորությունների չկատարման հետևանքով։ Forpostart Production–ն իր կայքում լրացուցիչ կտեղեկացնի տոմսերի վերադարձի ամսաթվի մասին», – ասաց Մխեյանը։

Նա նաև ավելացրեց, որ լրացուցիչ բանակցություններ է վարում արտիստի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով «փրկել» երևանյան համերգը, ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները:

«Համերգի տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը Global communications ընկերության սեփականությունն են», – հայտնեց Մխեյանը։

Ռամազոտտիի երևանյան համերգը պետք է տեղի ունենար ապրիլի 26–ին։