Նորաձևություն

Հայ դիզայներներն առաջին անգամ կներկայացնեն «Անցյալի ապագան» հագուստի հավաքածու հայկական միջնադարյան գորգերի զարդանախշերի օգտագործմամբ։

Հագուստի ցուցադրությունը կանցկացվի փետրվարի 19–ին «Մեգերյան կարպետ» գորգի գործարանի ցուցասրահում։ Կազմակերպիչներն են` «Տերյան» մշակույթի կենտրոնը և «Մեգերյան կարպետ» գորգի գործարանը։

«Սա ժամանակակից հագուստի և պարագաների յուրօրինակ սինթեզ է` հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների օգտագործմամբ»,– հինգշաբթի լրագրողներին ասաց «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը։

Նա նշեց, որ հայկական գորգի զարդանախշերի օգտագործումը ժամանակակից հագուստի մեջ յուրօրինակ և հետաքրքիր փորձառություն է, քանի որ նորաձև հագուստի և ազգային գորգերի զարդանախշերի սինթեզի գաղափարը կիրառվում է օտարերկրացի դիզայներների հավաքածուներում և ավելի մեծ ճանաչում է գտնում։

«Մեր խնդիրն այդպիսի հավաքածու ստեղծելն է և դրա պահանջարկին նպաստելը որպես հայկական մշակույթի քարոզչություն»,– ասաց Մելիքյանը։

«Տերյան» կենտրոնի դիզայներներն ավելի վաղ ներկայացրել են ազգային հագուստ թանգարային ցուցանմուշների տեսքով, բայց այս անգամ նրանց պատրաստած հավաքածուն գործնական կիրառում կունենա։ Դա ժամանակակից տեքստիլից պատրաստած հարմար հագուստ է` զուրկ ազգային տարազի «հոգեբանությունից»։ Ցուցադրված հագուստը կարելի է ձեռք բերել ցուցադրությունից հետո։

«Գարուն–ամառ 2016» նոր հավաքածուում ներկայացված է կանանց հագուստի 40 կոմպլեկտ, այդ թվում` զգեստներ, բլուզներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ, կոմբինեզոններ և մուշտակներ։ Դիզայներները կներկայացնեն նաև տղամարդու և մանկական մեկական կոմպլեկտ։

Հավաքածուի պարագաների թվում են` «Տերյան» կենտրոնում պայուսակներ և երկարաճիթ կոշիկներ, ինչպես նաև նկարիչ մոդելավորող Արփի Ավդալյանի ոսկերչական իրերը։

Ցուցահանդեսի ավարտից հետո մոդելները հնարավոր կլինի ձեռք բերել «Մեգերյան կարպետում» և «Տերյան» մշակութային կենտրոնում։