Կինո

Լոնդոնում հրապարակվել են Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) 2015 թ.–ի մրցանակի հավակնորդները։ Անվանակարգերի թվաքանակով առաջատարներն են Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» դրաման և Թոդ Հեյնսի «Քերոլ» մելոդրաման, գրում է «Նովայա գազետան»։

Երկու ֆիլմերն էլ ներառվել են ինը անվանակարգերում։ Դրանք նաև հավակնում են նախորդ տարվա լավագույն ֆիլմի կոչմանը։

«Լրտեսական կամուրջը» հիմնված է իրական դեպքերի վրա։ Այն պատմում է Բրուքլինում բնակվող փաստաբան Ջեյմս Դոնովանի մասին, որի կերպարը մերմնավորում է դերասան Թոմ Հենքսը։ Դոնովանը հայտնվում է սառը պատերազմի էպիկենտրոնում։ ԿՀՎ–ի հանձնարարությամբ նա պետք է պայմանավորվի ամերիկացի հետախույզ-օդաչուի ազատ արձակման մասին, որին բռնել են ԽՍՀՄ–ում։

«Քերոլ» դրաման պատմում է նյույորքցի վաճառողուհի Թերեզայի մասին, ով սիրահարվում է Քերոլ անունով մի կնոջ։ Քերոլն ամուսնալուծվում է և պայքարում սեփական դստերը տեսնելու իրավունքի համար։

Այս ֆիլմերից բացի, լավագույն ֆիլմի կոչմանը հավակնում են Ադամ ՄակՔեի «Արագ անկում», Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» և Թոմ Մքքարթիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմերը։

«Լավագույն դերասան» անվանակարգում կպայքարեն Լեոնարդի ԴիԿապրիոն («Ողջ մնացածը»), Մայքլ Ֆասսբենդերը («Սթիվ Ջոբս»), Էդդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»), Բրայան Քրենսթոնը («Տրամբո») և Մեթ Դեյմոնը («Մարսիացին»)։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում կպայքարեն Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Մեգգի Սմիթը («Տիկինը ձիասայլում»), Բրի Լարսոնը («Սենյակ»), Սիրշա Ռոնանը («Բրուքլին») և Ալիսիա Վիկանդերը («Դանիացի աղջիկը»)։ Ընդ որում, հիմնական հավակնորդը Բլանշեթն է։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 14–ին։ Միջոցառումը կվարեն Սթիվեն Ֆրայն ու Գուգու Էմբատա–Ռոն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիան (HFPA) հրապարակել էր «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակի հավակնորդներին։ «Քերոլ» դրաման կրկին առաջատարն է անվանակարգերի թվաքանակով։–0–