Կինո

Լոս Անջելեսում տեղի է ունեցել միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» 73–րդ մրցանակաբաշխությունը։

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում, Ինյարիտուն ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ գլխավոր դերակատար Լեոնարդո ԴիԿապրիոն «Ոսկե գլոբուս» է ստացել տղամարդու լավագույն դրամատիկ դերի համար, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում հաղթել է դերասանուհի Բրի Լարսոնը («Սենյակ»)։

«Մարսիացի» ֆիլմը հաղթել է «Լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում։ Մեթ Դեյմոնը ևս արժանացել է մրցանակի այս ժանրում տղամարդու լավագույն դերի համար։ Դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսն իր հերթին արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Ջոյ» ֆիլմի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սիլվեսթեր Ստալոնեն («Կրիդ. Ռոքքիի ժառանգությունը»)։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Քեյթ Ուինսլեթը («Սթիվ Ջոբս»)։

Kate Winslet

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է Apple ընկերության հիմնադրի մասին պատմող «Սթիվ Ջոբս» ֆիլմը։ Կինոքննադատների կարծիքով` լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Սաուլի որդին» հունգարական դրաման։

Իտալացի 87–ամյա կոմպոզիտոր Էննիո Մարիկոնեն ևս արժանացել է «Ոսկե գլոբուսի» Քվենթին Տարանտինոյի «Նողկալի ութնյակը» ֆիլմի համար։ Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Pixar ստուդիայի «Գլուխկոտրուկ» ֆիլմը։

Հեռուստատեսային կատեգորիաների թվում լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել «Պարոն Ռոբոտը»։

«Ոսկե գլոբուսի» դափնեկիրներն Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առավել հավանական հավակնորդներն են։