Կինո

Հունիսի 13-ին Սոչիի Ձմեռային թատրոնում ամփոփվել են «Կինոտավր» 27-րդ փառատոնի արդյունքները: Փակման արարողության ժամանակ ցուցադրվել է «Հանձնվում է տուն` բոլոր անհարմարություններով» («Сдается дом со всеми неудобствами») ֆիլմը, որը պատմում է մի քանի ընտանիքների մասին, որոնց անշարժ գույքի գործակալը վարձով է տալիս ծովափին գտնվող միևնույն տունը: Ֆիլմում նկարահանվել են Իրինա Պեգովան, Սվետլանա Խոդչենկովան, Վիկտորյա Իսակովան և Վլադիմիր Վդովիչենկովը:

Кинотавр_article

Ժյուրիի նախագահն է ռեժիսոր, սցենարիստ, ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Նիկոլայ Լեբեդևը, ով հայտնի է «№17 Լեգենդ» («Легенда №17») և «Անձնակազմ» («Экипаж») ֆիլմերից: Ժյուրիի կազմում ընդգրկվել են կինոքննադատ Նինա Զարխին, օպերատոր Սերգեյ Մաչիլսկին, սցենարիստ Աննա Պարմասը, պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևը: Դերասան Սերգեյ Շակուրովը և դերասանուհի Մարիա Շալաևան հայտարարել են հաղթողների անունները:

Кинотавр 2_article

Հաղթողի կոչման համար այս տարի պայքարում էին 14 լիամետրաժ ֆիլմեր, որոնցից 9–ը դեբյուտային էին: Գլխավոր մրցանակին արժանացավ Օկսանա Կարասի «Լավ տղա» («Хороший мальчик») կատակերգությունը:

Фильм Хороший мальчик_article

Ֆիլմը պատմում է 9-րդ դասարանի աշակերտ Կոլյա Սմիրնովի արկածների մասին: Ֆիլմում նկարահանվել են Սեմյոն Տրեսկունովը, Կոնստանտին Խաբենսկին, Միխայիլ Եֆրեմովը և Ալեքսանդր Պալը, հաղորդում է Glamour.ru-ն:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Կիրիլ Սերեբրեննիկովը «Աշակերտը» («Ученик») ֆիլմի համար, որը սկզբում բեմադրություն է եղել: Ֆիլմը Կաննի կինոփառառատոնի շրջանակում արժանացել է Ֆրանսուա Շալեի անվան մրցանակին:

Դենիս Շաբաևը հաղթել է «Լավագույն դեբյուտ» անվանակարգում «Օտար աշխատանք» («Чужая работа») ֆիլմի համար: Վավերագրական ֆիլմը պատմում է աշխատանքային միգրանտ Ֆարուհի մասին, ով հոր, մոր և եղբայրների հետ ապրում է Նոր Մոսկվայում և կատարում է ցանկացած աշխատանք` չնայած, որ գաղտնի երազում է դերասան դառնալ: Բացի այդ, ֆիլմն արժանացել է Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի դիպլոմին:

Նատալյա Պավլենկովան հաղթել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Կենդանաբանություն» («Зоология») ֆիլմի համար, որտեղ նա մարմնավորել է կենդանաբանական այգու աշխատակցի կերպար, ում մոտ անսպասելիորեն պոչ է աճում:

Наталья Павленкова-article

Ալեքսեյ Կրասովսկու «Կոլեկտոր» («Коллектор») ֆիլմն արժանացել է միանգամից երկու մրցանակի` Կոնստանտին Խաբենսկին հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում, իսկ «Դենիս Ֆիրսովը»` «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:

Երկու մրցանակի է արժանացել Իլյա Ուչիտելը և նրա «Մեծ գյուղի լույսերը» ֆիլմը («Огни большой деревни»): Նրան հանձնել են ժյուրիի «Լավագույն ֆիլմ ֆիլմի մասին» հատուկ դիպլոմը: Սցենարիստ Կոնստանտին Չելիձեն «Լավագույն սցենարի» համար արժանացել է Գրիգորի Գորինի անվան մրցանակին:

«Ֆիլմի երաժշտական լավագույն լուծման» համար Միքայել Տարիվերդիևի անվան հատուկ դիպլոմին են արժանացել Ջորջիո Ջամպեն և Իգոր Վդովինը Գիյոմ Պրոցենկոյի «Արթնացրու´ ինձ» («Разбуди меня») թրիլերի համար:

Կարճամետրաժ ծրագրի հաղթող է ճանաչվել Վադիմ Վալիուլինի «Վարկ» («Кредит») ֆիլմը, որը պատմում է անբուժելի հիվանդությամբ տառապող կնոջ մասին, ով որոշում է, թե ինչպես պետք է ծախսի գումարը, որը ստացել է ավիավթարի հետևանքով ամուսնու մահից հետո։