ArmStyle

Համաշխարհային բուքմեյքերները շարունակում են ավելացնել Հայաստանի հաղթանակի հնարավորությունները «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, որն անցկացվում է Շվեդիայի մայրաքաղաքում։

Այսպես, Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակը Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի հաղթանակի տոկոսադրույքներ է ընդունում` 17.0 գործակցով` դա բոլոր մասնակիցների թվում հինգերորդ ցուցանիշն է։ Հինգերորդ տեղը նույն գործակցով Հայաստանի հետ կիսում է Մալթան։

Դեռևս մարտի կեսերենի Միացյալ Թագավորության խոշորագույն գրասենյակներից մեկի փորձագետները հայ կատարողին տալիս էին ընդամենը 12–րդ տեղը 29.0 գործակցով, իսկ մայիսի սկզբին նա վեցերորդն էր։

Բուքմեյքերներն առաջվա պես մրցույթի ֆավորիտ են համարում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևին, ում հաղթանակի հնարավորությունները գնահատվում են 2.0 գործակցով։ Երկրորդ տեղը մասնագետները տալիս են Ուկրաինային (4,50), երրորդը` Ֆրանսիային (6,50), չորրորդ հորիզոնականում Շվեդիան է (13,0)։

Հայ բուքմեյքերները, հակառակը, ավելի քիչ են սկսել հավատալ Իվետա Մուկուչյանի հաղթանակին։ Նրա հաղթանակի հնարավորությունները գնահատվում են 19 գործակցով մայիսի սկզբի 17–ի դիմաց։

Ստոկհոլմում նախօրեին անցկացված կիսաեզրափակչում Իվետա Մուկուչյանն ապահովել է եզրափակչի ուղեգիր` ելույթ ունենալով LoveWave երգով։

Հայաստանի հետ եզրափակիչ դուրս եկան Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի և Մալթայի ներկայացուցիչները։

Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։

Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ դուրս կգա 10–ական մասնակից։ «Եվրատեսիլի» հիմնադիր երկրները` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև հյուրընկալ երկիրը` Շվեդիան ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ։