ArmStyle

Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին կներկայանա տարբեր գրաֆիկական, թվային և լուսային էֆեկտների կիրառմամբ բացառիկ շոու ծրագրով, ուրբաթ լրագրողներին ասաց մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Ивета Мукучян 3_article

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 10-րդ անգամ: Հայ մասնակից Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մայիսի 10-ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում յոթերորդ համարի ներքո։

«Այսօր բոլոր շոու ծրագրերը պատրաստվում են տարբեր թվային, լուսային էֆեկտների օգնությամբ, մեր ելույթը ևս հագեցած կլինի բազմաթիվ գրաֆիկական և լուսային էֆեկտներով: Այս տարի մենք շեշտը կդնենք «մոնտաժային» ներկայացման վրա, այսինքն` ելույթը հանդիսատեսին կհիշեցնի տեսահոլովակն ուղիղ եթերում», — ընդգծեց Գասպարյանը:

Նա նաև հաղորդեց, որ հայկական պատվիրակությունը մայիսի 1-ին կմեկնի Ստոկհոլմ, որտեղ տեղի է ունենալու մրցույթը:

Ивета Мукучян_article

«Բնականաբար, մենք մտահոգված ենք սահմանին տիրող իրավիճակով (ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի իրավիճակի լարմամբ – «Նովոստի-Արմենիա»), այնուամենայնիվ, մենք մարտական ենք տրամադրված, քանի որ կարծում ենք, որ մրցույթը ևս մեկ հիանալի առիթ է մեր ժողովրդին հպարտության և ուրախության զգացում նվիրելու համար», — նշեց Գասպարյանը:

«Եվրատեսիլի» հայ մասնակից Իվետա Մուկուչյանն իր հերթին նշեց, որ դեռ չի ցանկանում բացահայտել սպասվող շոու ծրագրի բոլոր մանրամասները:
«Ինչպես էլ հիմա այդ ամենը նկարագրենք, լիարժեք պատկերացում մարդիկ կկարողանան կազմել միայն ելույթը տեսնելուց հետո: Կարող եմ միայն ասել, որ ինձ հետ միասին բեմում կլինեն հինգ բեք-վոկալիստներ, բացի այդ, մենք համագործակցում ենք շվեդ ռեժիսորի հետ, ով բեմականացման հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ ունի», — ասաց երգչուհին:

Այս տարի «Եվրատեսիլ 2016» մրցույթը անցնում է Շվեդիայի մայրաքաղաքում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով:

Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա մայիսի 10–ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում և եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ։

Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները։

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին