Երաժշտություն

Երգչուհի Ջամալան կներկայացնի Ուկրաինան մայիսին Ստոկհոլմում նախատեսված «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում, հաղորդում է «Ունիանը»։

Ջամալայի հայրն ազգությամբ թաթար է, մայրը` հայ։ Երգչուհին հայտնի է դարձել «Նոր ալիք 2009» մրցույթից հետո, որտեղ արժանացել է Գրան–պրի մրցանակին։

32–ամյա երգչուհին, ոգեշնչվելով նախատատի պատմությունից, ազգային քվեարկության համար հատուկ գրել է «1944» երգը։ Հենց այս թվականի հետ են կապված Ջամալայի ընտանիքի ամենածանր հիշողությունները։ Խոսքը Ղրիմում բնակվող թաթարների բռնի արտաքսման մասին է։

Նշվում է, որ ազգային քվեարկությանը մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ, ինչը Ուկրաինայում «Եվրատեսիլի» ընտրական փուլերի ռեկորդային ցուցանիշ է։

«Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը, որը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն Ստոկհոլմում մայիսի 10–ին և 12–ին, եզրափակիչը` մայիսի 14–ին։

Ելույթների հստակ կարգը հայտնի կդառնա մարտին։ «Եվրատեսիլ 2016»–ին կմասնակցի 43 երկիր։ Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվեն՛ք):