ArmStyle

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 28-ին մեկնարկեց Կիթառի երևանյան միջազգային 2-րդ փառատոնը։

Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:

Երաժշտական տոնը մեկնարկեց ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփփելի (Գերմանիա) ելույթով, ով տպավորված էր հայ հանդիսատեսի ընդունելությունից:

Քեփփելը նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան` իր ուսանող, փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանի հրավերով։

Քեփփելն իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում միջազգային բազմաթիվ փառատոների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ:

Նա ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Հիմնադրել է Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի կիթառի միջազգային ակադեմիա):

Կիթառի երևանյան միջազգային 2-րդ փառատոնի բացմանը Քեփփելը կատարեց Լ. Բրաուերի, Լ.Դե Միլանի, Հ.Վ.Հենցի, Օ.Հանթի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երկրորդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից, Երևանում տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 1-ը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փառատոնային երկրորդ համերգին հունիսի 29-ին ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը Ռուսաստանից:

Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Փակման երեկոյին հուլիսի 1-ին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):

«Նախորդ տարի մասնակցել եմ Երևանյան միջազգային կիթառի 1-ին փառատոնին: Գիտեմ, թե որքան դժվար է փառատոն կազմակերպելը: Ես նվագել եմ անցյալ տարվա փառատոնի բացմանը: Ինձ բախտ է վիճակվել մասնակցել այս նոր փառատոնի ծնունդին: Կարծում եմ, որ այն երկար տարիներ կուրախացնի մեզ: Այս անգամ եկել եմ, որպեսզի ելույթ ունենամ փառատոնի փակմանը: Անսահման երջանիկ եմ, որ Ժորա Սարգսյանն ինձ հրավիրել է, հաճելի է նրա հետ աշխատել»,- նշեց Դավիթ Դյակովը:

Ճանաչված կիթառահարը, վերհիշելով հայաստանյան իր նախորդ վարպետության դասը, շեշտեց, որ Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ կան, և նրանց անհրաժեշտ է աջակցել:

Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:

Հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում իր հարուստ փորձը կներկայացնի Հյուբերթ Քեփփելը, իսկ Դմիտրի Մուրինը հունիսի 30-ին վարպետության դասընթաց կանցկացնի «Այբ» դպրոցում:

LOFT ինքնազարգացման կենտրոնում հուլիսի 1-ին նախատեսված է Դավիթ Դյակովի վարպետության դասը:

Փառատոնի անցկացմանն աջակցել են` ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:

Ինֆորմացիոն հովանավորներն են` արտասահմանյան մի շարք հայտնի ԶԼՄ-ներ: