ArmStyle

1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Կանչ» ֆիլմի պրեմիերան է կայացել նախօրեին Երևանում։ Ստացվեց այնպես, որ հայ ժողովրդի և նրա կամքի ուժի դեմ բռնության թեման կրկին արդիական դարձավ ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված աննախադեպ լարման ֆոնին։

Սինոփսիս

Ֆիլմը պատմում է երկու պատանիների` Քեսաբի և Ադանայի ջարդերից հետո ողջ մնացած և թուրքական ռազմական ուսումնարանի սաներ դարձած Վարդանի և Միհրանի մասին։ Վարդանը, սկզբում այլ ելք չտեսնելով, ենթարկվում է ուսումնական հաստատության ռեժիմին, բայց համր է ձևանում` թուրքերեն չխոսելու համար։

Այնուամենայնիվ, ինչ–որ ժամանակ անց նրան երևում են սպանված պապի, հոր, մոր և քրոջ ուրվականները, նրանք պահանջում են գողանալ իրենից վերցված հայերեն այբուբենով ձեռագիրը և փախչել ուսումնարանից` միանալով հայ ժողովրդի ազատագրական պայքարին։

«Կանչ» ֆիլմը նախատեսված է երիտասարդ լսարանի համար

Պրոդյուսեր Հայկ Ավագյանը, ներկայացնելով կինոժապավենը, ասաց, որ ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ այն երիտասարդ լսարանի համար է, ինչի համար էլ նկարահանումներում ներգրավվել են առավելապես երիտասարդ դերասաններ։

Եվ իսկապես, ֆիլմում նկարահանված Հենրիխ Շահբազյանը և Լևոն Վարդապետյանը, ովքեր դեռ հայտնի չեն հանդիսատեսին, փայլուն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ «Ֆիլմը կցուցադրվի ամբողջ Հայաստանով։ Այն կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, այլ միայն քարոզչական նշանակություն ունի»,– ասաց Ավագյանը։

«Կանչ» ֆիլմի սցենարը պատմական տեսանկյունից հավաստի է

Ինչպես պատմեց «Կանչ» ֆիլմի սցենարի հեղինակ Սամվել Թադևոսյանը, արվել է ամեն ինչ` ֆիլմի պատմական հավաստիությունը պահպանելու համար։

«Ֆիլմում ներկայացված են Թուրքիայի պատմական դեմքեր, ովքեր մեծ դեր են խաղացել Սիրիայում հայատյացության մթնոլորտի ձևավորման գործում։ Մասնավորապես, խոսքը թուրք հասարակական գործիչ Հալիդ Էդիբ Ադըվարի մասին է»,– ասաց Թադևոսյանը։

Ադըվարը հասցրել է ծառայել թուրքական Զինված ուժերում անկախության համար մղվող պայքարում։ Որպես թուրքական քաղաքական նոր կուրսի հետևորդ` նա մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ որբերի «վերադաստիարակմանը»։
«Ֆիլմը սկսվում է Քեսաբի և Ադանայի` 1909 թվականի ջարդերից»,– ասաց Թադևոսյանը։

Հայ ժողովուրդը ողջ է մնացել, նրա ոգին առաջվա պես անկոտրուն է

Ռեժիսոր Գուժ Թադևոսյանը խոստովանել է, որ իրեն` որպես հայի, դժվար էր Ցեղասպանության այդ պատմական ցավոտ էջի մասին ֆիլմ նկարահանել։

«Բայց մեր ֆիլմի հիմնական ուղերձը ոչ թե զոհերին սգալն է, այլ հայի ոգու ուժի, նրա` վերապրելու ընդունակությունը ցույց տալն է։ Ֆիլմում գրեթե չկան արյունոտ տեսարաններ։ Հիմնական շեշտը պայքարի կոչն է։ Եվ ֆիլմի ևս մեկ առանցքային գաղափարը` հայ ժողովրդի ողջ մնալու գրավականը միշտ եղել են մեր ձեռագրերը, այբուբենը, որ փոխանցվել են սերնդեսերունդ, ինչի շնորհիվ պահպանվել է սերունդների հաջորդականությունը»,– ասաց Թադևոսյանը։

Նրա խոսքով, ֆիլմով նկարահանման խումբը ցանկացել է ոգեշնչել հեռուստադւտողին, ցույց տալ ոչ թե հայերի կոտորածի փաստը, այլ հայ ժողովրդի ոգու անդրդվելիությունն ու տոկունությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցեցին Արցախի վերջին իրադարձությունները։