Երաժշտություն

Իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտտիի երևանյան շոուն չեղյալ է հայտարարվել, տոմսերի վաճառքը դադարեցվել է, տեղեկացրեց Ռամազոտտիի երևանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը։

Ռամազոտտիի համերգային շրջագայության կազմակերպիչ Trident Music Srl ընկերության ներկայացուցիչ Մաուրիցի Սալվադորին օրերս տեղեկացրել է, որ չեղյալ են հայտարարվել Ռամազոտտիի համերգները Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում, քանի որ ռուսական կազմակերպիչ Global Communications ընկերությունը բազմաթիվ անգամ խախտել է ֆինանսական պարտավորությունները։

Սալվադորին տեղեկացրել է, որ Trident Music Srl–ն իրավունք է վերապահում դիմել դատարան և պահանջել վնասի փոխհատուցում։ Նա նաև հայցել է Ռամազոտտիի երկրպագուների ներողամտությունը։

Իտալացի երգչի համերգը պետք է տեղի ունենար ապրիլի 26–ին Երևանում։

Մխեյանն իր հերթին տեղեկացրել է, որ Forpostart Production պրոդյուսերական ընկերությունը բանացկություններ է վարել հայ գործարարների հետ` փորձելով նրանց օգնությամբ «փրկել» շոուն, սակայն արդյունքի չի հասել։

«Global Communications–ի ղեկավարությունը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Մենք դիմել ենք ընկերությանը պաշտոնական հայցով և սպասում ենք պատասխանի, ինչպես նաև ճիշտ համարեցինք դադարեցնել տոմսերի վաճառքը», – նշեց Մխեյանը։

Նա նշեց, որ Global Communications–ը խախտել է իր պարտավորությունները Forpostart Production–ի նկատմամբ, սակայն Forpostart Production–ը և նրա երևանյան ներկայացուցիչը` Show Star–ը, ինքնուրույն են մարել շոուի անցկացման հետ կապված ծախսերը։

«Պայմանագրով` շոուի ձախողման հետ կապված բոլոր պահանջները պետք է ներկայացվեն միայն Global Communications–ին։ Նույնը վերաբերում է նաև տոմսերի վերադարձին։ Forpostart Production–ը, որը ևս տուժող կողմերից մեկն է, դատական հայցի փաստաթղթեր է պատրաստում վնասը փոխհատուցելու համար», – ասաց Մխեյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Ռամազոտտիի շոուն, որը պետք է կայանար Բաքվում, սկզբում ևս չեղյալ հայտարարվեց, սակայն տեղի կունենա ապրիլի 27–ին Հեյդար Ալիևի հիմնադրամի ֆինանսական օգնության շնորհիվ։

Թբիլիսիում շոուն տեղի կունենա ապրիլի 24–ին Մշակույթի նախարարության աջակցությամբ։