ArmStyle

Իսլայելցի հանրաճանաչ լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը` Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի Ֆրեսկո 3-րդ միջազգային փառատոնի հյուրը, չորեքշաբթի Երևանում ներկայացրեց իր «Հայաստանի աչքերը իսլայելցու աչքերով» ցուցահանդեսը, վարպետության դաս անցկացրեց և ներկայացրեց իր «Ֆոտոթարգմանություններ» ցիկլի ֆիլմերից մեկը:

Փառատոնն անցկացվում է Երևանում օգոստոսի 19-26-ը:

Ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի նկարիչների միության շենքում մինչև օգոստոսի 30-ը, այնպես որ խոսել նրա մասին անիմաստ է. ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ ընթերցել: Նշենք միայն, որ ինքը` լուսանկարիչը, համարում է, որ այն մեր երկրի հանդեպ սիրո խոստովանություն է:

Ինչ վերաբերում է վարպետության դասին, ապա այն հավասարաչափ հետաքրքիր էր ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ լուսանկարչության սիրահարների համար: Երկու ժամ տևողությամբ վարպետության դասի ժամանակ Բրիկմանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ճիշտ և ոչ ցայտուն կերպով կիրառել Photoshop–ը, որքան օգտակար կարող է լինել «Ոսկե հատման» օրենքը կադրի ճիշտ կառուցման համար, ինչպես նաև պատմեց իր անձնական հնարքների մասին, որոնք յուրաքանչյուր լուսանկար դարձնում են նրբաճաշակ և անկրկնելի:

«Եթե դուք աղջկա կամ կնոջ եք լուսանկարում, խորհուրդ եմ տալիս ծնկի իջնել: Նախ, ցանկացած կնոջ համար հաճելի է տեսնել իր առջև ծնկի իջած տղամարդու, երկրորդը` դուք ավելի բարձրահասակ եք, իսկ ներքևից լուսանկարելիս, ավելի հաջող լուսանկար կստանաք», — այսպես էր հնչում վարպետի խորհուրդներից մեկը:

Բանավեճ ծավալվեց այն հարցի շուրջ, թե որ նկարներն են ավելի լավը` գունավորները, թե սև–սպիտակները: Բրիկմանի պարզաբանումներից և մի շարք փորձերից հետո ողջ լսարանը եկավ այն եզրակացության, որ սև–սպիտակ լուսանկարներն ավելի ազդեցիկ են:

«Սակայն ամեն լուսանկար չէ, որ արժանի է սև–սպիտակ լինել», — հիշեցրեց նա: Վարպետության դասի վերջում լուսանկարիչը հավաքվածներին ցույց տվեց իր «Աղոթք» ֆոտոթարգմանություն ֆիլմը: Հարկ է նշել, որ «ֆոտոթարգմանություն» հասկացությունը Բրիկմանի հեղինակային նորամուծությունն է: Նրա սահմանմամբ, ֆոտոթարգմանությունը տեքստի թարգմանությունն է ֆոտոպատկերների լեզվով:

Վերջինս հետևյալ տեսքն ունի. կադրից դուրս ընթերցվող տեքստի ֆոնին էկրանի վրա ցուցադրվում է սլայդ-շուու, որը ներկայացնում է կարդացվածը:

«Կարծում եմ` մարդիկ ընթերցում են լուսանկարները. ընդ որում ինչպես տեքստը` ձախից աջ», — պարզաբանեց Բրիկմանը: Մի քանի լուսանկար շրջելով` նա ապացուցեց, որ լուսանկարի հայելային պատկերը լիովին այլ իմաստ է կրում:

Բրիկմանը Երևան է բերել նաև ֆոտոթարգմանության ժանրում իր նոր աշխատանքը` արված Դաո դե ցզինի հիման վրա (չինական մտքի աղբյուրներից և ակնառու հուշարձաններից մեկը, որը մեծ ազդեցություն է ունեցել Չինաստանի և ողջ աշխարհի վրա. խմբ.): Բրիկմանն այն կցուցադրի ուրբաթ: