Կինո

Ֆրանսիայում դատարանն արգելել է ցուցադրել Լարս ֆոն Տրիերի 2009 թվականի «Հակաքրիստոս» ֆիլմը։ Ինչպես գրում է The Guardian–ը, այսպիսի որոշում էր ընդունվել ֆիլմում առկա սեքսի և բռնության նատուրալիստական տեսարանների պատճառով։

Ֆիլմի վերաբերյալ բողոք են ներկայացրել Promouvoir («Օժանդակություն») կաթոլիկ ավանդապաշտական խմբի մասնակիցները, հայտնում է Afisha.ru–ն։

Նրանք սխալմունք են համարել ֆիլմին տրված «16+» տարիքային վարկանիշը և պահանջել են բարձրացնել այն մինչև «18+»։ Դատարանը հանել է նախնական մակնշումը և արգելել է «Հակաքրիստոսի» ցուցադրությունը կինոթատրոններում, հեռուստատեսությամբ և ցանցում, քանի դեռ դասակարգման հանձնաժողովը նրան նոր վարկանիշ չի տվել։ Օրենքի ներկայացուցիչները խոստովանել են, որ Մշակույթի նախարարությունը սխալվել է` թույլ տալով ֆիլմի դիտումն ավելի պատանի հեռուստադիտողներին։

«Հակաքրիստոսը» Լարս ֆոն Տրիերի ֆիլմն է, որը պատմում է երեխա կորցրած ամուսնական զույգի մասին։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Շառլոթա Գենսբուրը և Ուիլյամ Դեֆոն։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» հավակնորդ էր, իսկ Շառլոթա Գենսբուրը փառատոնում մրցանակ է ստացել կնոջ լավագույն դերի համար։

Promouvoir–ն առաջին անգամ չէ, որ արգելող նախաձեռնություններով է հանդես գալիս Ֆրանսիայում։ Նախորդ տարի կազմակերպության ճնշման ներքո հետ էր կանչվել նաև «Ադելի կյանքը» ֆիլմի վարձութային վկայականը։ Դատարանը ոչ կոռեկտ է ճանաչել ֆիլմին տրված «12+» տարիքային սահմանափակումը դրանում առկա բաց տեսարանների պատճառով։ Կաթոլիկները նաև դեմ են արտահայտվել «Նիմֆոմանուհի» և «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմերի դեմ։