Երաժշտություն

«Լենինգրադ» խմբի «Էկսպոնատ» երգի տեսահոլովակից հետո, որը սկսվում է «Водил меня Серёга на выставку Ван Гога» արտահայտությամբ, Վան Գոգի ցուցահանդեսի այցելուների թիվն աճել է մոտ մեկուկես անգամ։

«Դեկտեմբերին ցուցահանդեսի այցելուների թիվը կազմում էր 10 հազար, իսկ հունվարին արդեն 15 հազար է», – Metro կայքին հայտնել է ցուցահանդեսի մամուլի քարտուղար Ելենա Բեդուշը։

«Ամենամեծ թվով այցելուներ են եկել վերջին շաբաթվա ընթացքում և հունվարի 25–ին։ Ցուցահանդես էր այցելում օրական հազար մարդ։ Մեր կարծիքով` դա կապված է այն փաստի հետ, որ մենք նախատեսում էինք փակել ցուցահանդեսը, սակայն որոշեցինք երկարացնել այն։ Չնայած երգի հետ էլ կարող է կապ ունենալ, ո՞վ գիտի», – նշել է Բեդուշը։

Տեսահոլովակը մեծ ճանաչում է վայելում օգտատերերի շրջանում։ Այն պատմում է այն մասին, թե ինչպես աղջիկը, ով երազում է ամուսնանալ միլիոնատիրոջ հետ, պատրաստվում է նրա հետ գնալ ցուցահանդես։ Ամենադրամատիկ պահը կապված է կարմիր տակացուներով թանկարժեք բարձրակրունկ կոշիկների հետ։

«Փետրվարի 13–ին և 14–ին 10 սմ և ավել բարձրությամբ բարձրակրունկ կոշիկներով բոլոր աղջիկները կարող են անվճար այցելել ցուցահանդես, իսկ բոլոր Սերյոգաները, ովքեր Վան Գոգի ցուցահանդեսին կգան իրենց զույգի հետ, կստանան 50 տոկոս զեղչ», – ավելացրել է Բեդուշը։