ArmStyle

«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց յոթերորդ տեղը՝ հավաքելով 249 միավոր։

Մրցույթի հաղթող ճանաչվեց ուկրաինուհի Ջամալան 534 միավորով։ Երկրորդ հորիզոնականում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դեմի Իմը 511 միավորով, երրորդում՝ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը, ով հավաքեց 491 միավոր։

Այս տարվա մրցույթի քվեարկության կանոնների փոփոխությունը ենթադրում էր սկզբում պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների ներկայացում։ Հայ երգչուհուն LoveWave երգի համար առավելագույն 12 միավոր տվեց Իսպանիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի ժյուրին, տասական միավոր՝ Հունաստանի և Չեռնոգորիայի, Կիպրոսից ստացանք 8 միավոր, Մալթայից՝ 7, Լատվիայից՝ 6, Մոլդովայից՝ 5, Խորվաթիայից, Շվեդիայից, Լիտվայից և Սլովենիայից՝ չորսական, Բելառուսից և Սերբիայից՝ երեքական, Ավստրիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Իսրայելից՝ 2-ական, Հունգարիայից՝ մեկ։ Հանդիսատեսի ձայները Հայաստանին բերեցին 134 միավոր։

Հայ երգչուհին իր թիմով հեռուստադիտողին ներկայացրեց գրաֆիկական, թվային և լուսային էֆեկտներով հագեցած գեղեցիկ շոու։ Այս տարի շեշտը դրվել էր ներկայացման մոնտաժի վրա՝ բեմադրությունն ուղիղ եթերով տեսահոլովակ էր հիշեցնում։

Եզրափակչին մասնակցեցին 26 կատարողներ` երկու կիսաեզրափակիչների 10–ական հաղթողներ, ինչպես նաև ընդունող երկրի` Շվեդիայի և մրցույթի հիմնադիրների ու գլխավոր հովանավորների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Եզրափակչում վիճակահանության արդյունքներով բեմ դուրս եկան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ներկայացուցիչները։

«Եվրատեսիլ 2016» մրցույթն այս տարի անցկացվեց Ստոկհոլմի «Գլոբեն» արենայում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով: