ArmStyle

Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը միջազգային երգի մրցույթի իգական սեռի ամենակրքոտ մասնակիցների լավագույն յոթյակում է` ըստ teleprogramma.pro-ի:

Հայ երգչուհին ելույթ կունենա LoveWave երգով մայիսի 10-ին նախատեսված առաջին կիսաեզրափակիչում` հաջողակ համարի ներքո:

«Իվետան ծնվել է Հայաստանում: Վեց տարեկանում նրա ընտանիքը մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Գերմանիա: 2009 թ.-ին, դառնալով իսկական գեղեցկուհի, Իվետան վերադարձել է հայրենիք: 2012 թ.-ին Իվետան ճանաչվել է Հայաստանի ամենասեքսուալ կինը` ըստ El Style ամսագրի», — գրում է teleprogramma.pro-ն:

Ամենակրքոտ մասնակցիների վարկանիշում ներառվել են  նաև Իտալիայի, Բելգիայի, Գերմանիայի, Մոլդովայի, Սլովենիայի և Մալթայի ներկայացուցիչները:

Իտալուհի Ֆրանչեսկա Միկելինը ելույթ կունենա եզրափակչում` մայիսի 14-ին: Նա 21 տարեկան է, անձամբ է երգեր գրում (մրցույթի համար Ֆրանչեսկան բանաստեղծություն է գրել): Իտալիայում նա հանրաճանաչ է դարձել «X-Factor» հեռուստաշոուում հաղթելուց հետո: Ֆրանչեսկան արդեն ձայնագրել է երկու ալբոմ:

Բելգիան ներկայացնող 19-ամյա երգչուհի Լաուրա Տեսոռոն կներկայանա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 12-ին: Նա բելգիական «Ձայնը» հեռուստաշոուում զբաղեցրել է երկրորդ տեղը և հաղթել է «Եվրատեսիլի» ազգային ընտրություններում: Լաուրան երգում է մյուզիքլներում, նկարահանվում ֆիլմերում:

Գերմանիայի ներկայացուցիչ Ջեյմի-Լի Կրիվիցը 18 տարեկան է, 17 տարեկանում հաղթել է «Ձայնը» հեռուստաշոուում: Աղջիկը շատ է սիրում ճապոնա-կորեական մշակույթը, վաղուց միս չի ուտում և կենդանիների իրավունքների համար պայքարող PETA շարժման ակտիվիստ է: Նա Ստոկհոլմում ելույթ կունենա մայիսի 14–ին նախատեսված եզրափակչում։

Մոլդովացի Լիդիա Իսակը ծնվել է 1993 թ.-ին Պետերբուրգում: Աղջկա երգը գրել են նույն շվեդ տղաները ռուս պրոդյուսեր Լեոնիդ Գուտկինի հետ, ովքեր գրել են Դինա Գարիպովայի և Պոլինա Գագարինայի երգերը: Լիդիան կերգի մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում։

Սլովենացի երգչուհի Մանուելլա Բրեչկոն 6 տարեկանից ակորդեոն է նվագում, 13 տարեկանից` բաս-կիթառ: 16 տարեկանում Մանուելլան առաջին անգամ հայտնվել է հեռուստաէկրաններին: Նա հանդես է գալիս փոփ-ռոք ոճում` թեթև շեղումով դեպի քանթրի: Երգերի հեղինակ է: Մանուելլան ելույթ կունենա մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում։

Մալթայի ներկայացուցիչ Իռա Լոսկոն «Եվրատեսիլում» նորեկ չէ (2002 թ.-ին զբաղեցրել է 2 տեղը): Մալթայում  34-ամյա երգչուհին բավականին հանրահայտ է: Մրցույթում Լոսկոն ելույթ կունենա մայիսի 10-ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում։ -0-