Գեղեցկություն և առողջություն

Գարնանը մարդու օրգանիզմը բուռն է արձագանքում տարվա եղանակի փոփոխությանը, մասնավորապես, անցումային ժամանակահատվածի սթրեսը բացասական ազդեցություն է ունենում քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց ինքնազգացողության վրա: Այդ մասին ձմռան վերջին օրը կայացած մամուլի ասուլիսում ասաց ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանը` գործնական խորհուրդներ տալով օրգանիզմը գարնանը նախապատրաստելու ուղղությամբ:

Ըստ նրա, անցումային ժամանակահատվածը հանգեցնում է հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների սրման, ինչպես նաև դիմադրողականության թուլացմանը, սթրեսների, ավիտամինոզի և զարկերակային ճնշման տատանումների:

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ամենայն զգուշությամբ հետևել սննդին` ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտել և զերծ մնալ ֆաստֆուդից: Բժիշկները կոչ են անում զբաղվել ֆիզկուլտուրայով և ավելի շատ զբոսնել արևային եղանակին:

Բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանն ավելացրեց նաև, որ վտանգվում է նաև մարդու սեռական առողջությունը հնարավոր նևրոզների և սթրեսների հետևանքով, և խորհուրդ տվեց մարդկանց ավելի լավ սնվել և առողջ ապրելակերպ վարել` ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն իր հերթին կոչ է անում ավելի շատ լավատեսություն դրսևորել, առողջ գնահատել սեփական ռեսուրսները և ապագայի համարձակ ծրագրեր կառուցել: