ArmStyle

Մոլդովայի Օրգեև քաղաքի քաղաքապետ, երգչուհի Ժասմինի ամուսին Իլան Շորը 72 ժամով ձերբակալվել է` խարդախության և փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է RNS-ը:

Մոլդովայի դատախազ Ադրիան Բեցիշորը նշել է, որ Իլան Շորը ձերբակալվել է 72 ժամով:

«Այս գործը հարուցվել է բանկային հափշտակության փաստի առթիվ, մասնավորապես, վերաբերում է առանձնապես խոշոր չափի խարդախությանը և փողերի լվացմանը», — հայտարարել է դատախազը` ավելացնելով, որ քննչությունը բավականաչափ ապացույցներ ունի` կասկածյալին 30 օրով նախնական կալանքի ենթարկելու համար:

Շորի փաստաբաններից մեկն իր հերթին հայտարարել է, որ դատախազության մեղադրանքներն անօրինական են և անհիմն, և Իլան Շորի մեղքի նոր ապացույցներ չեն ներկայացվել:

«Մեր կարծիքով, այն, ինչ տեղի է ունեցել այսօր, վկայում է այն մասին, որ դատախազությունը ենթարկվում է վերջերս տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ լրատվամիջոցների ազդեցությանը», — հայտարարել է փաստաբանը: