ArmStyle

Ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիր, մեր ժամանակի ամենաազդեցիկ կիթառահարներից և ուսուցիչներից մեկը, բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ, Կոբլենցի կիթառի միջազգային ակադեմիայի (Koblenz International Guitar Academy) հիմնադիր Հյուբերթ Քեփփելը կբացի «Երևանյան միջազգային կիթառի II փառատոնը»:

Փառատոնը տեղի կունենա Երևանում հունիսի 28-ից հուլիսի 1-ը:

«Այս տարի մեր ծրագիրը չափազանց հագեցած է լինելու. համերգներ, վարպետության դասեր: Այս տարվա գլխավոր հյուրն է Հյուբերթ Քեփփելը», — ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը:

Նրա խոսքով, փառատոնին կմասնակցեն յոթ երկրների կիթառահարներ: Բացի այդ, Հայաստան կժամանեն բազմաթիվ երաժիշտներ Վրաստանից և Իրանից` մասնակցելու համար Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների վարպետության դասերին:

Guitar Festival 2016 3_article

Սարգսյանը նշեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկված են ռենեսանս, բարոկո, դասական ոճի ստեղծագործություններ: Ծրագիրը կազմված է այնպես, որ ներկայացվի դասական կիթառի բոլոր կողմերը: «Փառատոնի շնորհիվ, որն առաջին անգամ անցկացվել է անցած տարի, Հայաստանում զգալի մեծացել է դասական կիթառի հանդեպ հետաքրքրությունը», — ասաց Սարգսյանը:

Փառատոնի շրջանակում, հունիսի 28-ին, 29-ին և հուլիսի 1-ին սպասվող երեք համերգներին կմասնակցեն Ժորա Սարգսյանը, հայտնի դասական կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա), ինչպես նաև Հյուբերթ Քեփփելը և Դմիտրի Մուրինը (Ռուսաստան):

Guitar Festival 2016_article

Երևանում Կիթառի առաջին փառատոնը կայացել է անցյալ տարի` Երևանի կիթառահարների ասոցիացիայի և Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Փառատոնի նպատակն է` բարձրացնել Հայաստանի դասական կիթառի արվեստը միջազգային մակարդակի, հայ կիթառահարներին հնարավորություն ընձեռել միանալ համաշխարհային դպրոցի ձեռքբերումներին:

«ԱՌԿԱ Style» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է: