Աստղային կյանք

Էլթոն Ջոնի «Wonderful Crazy Night» նոր ալբոմը ողջ աշխարհում սահմանում է վաճառքի ռեկորդներ։ Հյուրախաղերի ամենաճիշտ ժամանակն է, սակայն երաժիշտը խոստովանել է, որ պատրաստվում է դադարեցնել հյուրախաղերը հանուն երեխաների, հաղորդում է Cosmo.ru–ն։

Էլթոնը նշել է, որ այլևս չի ցանկանում մեկնել հյուրախաղերի։ 68–ամյա երաժշտի խոսքով` ժամանակացույցի պատճառով նա երեխաների` հնգամյա Զակարիի և երեք տարեկան Էլայջայի հետ զբաղվելու ժամանակ չի ունենում։

«Ես պետք է մի փոքր ավելի շուտ մտածեի երեխաներ ունենալու մասին, այդ ժամանակ կկարողանայի նաև դուստր ունենալ։ Սակայն հիմա ունեմ երկու հիանալի որդի, և իմ ողջ կյանքը պտտվում է նրանց շուրջ, ես ամեն ինչ անում եմ իմ տղաների համար։ Չեմ ուզում այլևս այդքան ճամփորդել», – նշել է Էլթոնը։

Նա ավելացրել է, որ դեռևս չի պատրաստվում վերջակետ դնել հյուրախաղերին, սակայն ապագայում չի բացառում իրադարձությունների նման զարգացումը։ Էլթոնն ընդգծել է, որ փորձում է երեխաներին հեռու պահել շոու–բիզնեսից` նրանց նորմալ մանկություն ապահովելու համար։

«Նրանք չեն դառնա շոու–բիզնեսի «որդիներ»։ Մենք նրանց դիզայներական հագուստներ չենք հագցնում, նրանք ունեն նորմալ մանկություն։ Որդիներս գիտեն, որ իրենց հայրիկը երգիչ է, սակայն նրանց բոլորովին ուրիշ երևույթներ են հետաքրքրում, օրինակ` «Լեգոն»։ Մեր կյանքը սովորական չէ, սակայն ես կանեմ այնպես, որպեսզի նրանք իմանան փողի գինը» – նշել է Էլթոնը։

2014 թ.–ին Էլթոն Ջոնը պաշտոնապես ամուսնացել է կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշի հետ։ Զույգն արդեն միասին է ավելի քան 20 տարի։ 2005 թ.–ին նրանք մեծ շուքով նշեցին իրենց քաղաքացիական ամուսնությունը, իսկ երբ Մեծ Բրիտանիան օրինականացրեց միասեռ ամուսնությունները, Էլթոնն ու Դևիդը որոշեցին ամուսնանալ։ Նրանք ունեն երկու որդի` Էլայջան ու Զակարին, ովքեր ծնվել են փոխնակ մայրիկից։