Երաժշտություն

Ռուս հայտնի երգչուհի Զեմֆիրան հանդես է եկել հայտարարությամբ` խնդրելով ճիշտ մեկնաբանել իր խոսքերը։

«Լավ էլ հորինել եք` ժամանակակից տեխնոլոգիաների արդյունքը։ «Սա իմ վերջին հյուրախաղերն են» արտահայտությունը նշանակում է ճիշտ մի բան` վերջին հյուրախաղեր»,– գրել է Զեմֆիրան Facebook-ի իր պաշտոնական էջում։

Ըստ նրա, հյուրախաղերի ձևաչափն իր համար այսուհետ սպառված է` դա ծանր է, աշխատատար, նյարդային։ «Ես երեկ հաշվել եմ` սա արդեն 10–րդ հյուրախաղերն են։ Մի ժամանակ ես հրաժարվեցի հեռուստաեթերներից, այնուհետև` ալբոմներից, բայց սրանք ընդամենը ձևաչափեր են։ Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել երգ գրելուց, եթե դրանք գրվում են»,– գրել է Զեմֆիրան։

Նա միաժամանակ չի բացառել, որ հետագայում էլ հանդես կգա համերգներով։ «Այդ պատճառով, խնդրում եմ, ինձ մի ջնջեք, և ավելի լավ է` դուք համեցեք մեզ մոտ։ Հենց հիմա գերազանց շրջագայություն է, և ես շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին։ Show must go on»,– գրել է երգչուհին` ավելացնելով. «Հ.Գ. Բոլորովին էլ չեմ կարծում, թե Նիժնի Նովգորոդի համերգը տապալվեց, կարծում եմ` այն հրաշալի էր»։

«Փոքր մարդ» խորագրով հյուրախաղերը մեկնարկել էին փետրվարի 4–ին Օմսկում։ Այնուհետև Զեմֆիրան ելույթ է ունեցել Նովոսիբիրսկում, Խաբարովսկում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում և Չելյաբինսկում։ Շրջագայությունը կավարտվի ապրիլի մեկին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով։