ArmStyle

«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը նշանավորեց Հայաստանի խոշորագույն մշակութային միջոցառումներից մեկի` «Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնի ավարտը։

Գլխավոր հաղթահերոսները դարձան հայտնի բրիտանացի կինոդերասանուհի, կինոփառատոնի պատվավոր հյուր Ժաքլին Բիսեթը և խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտը։

Բիսեթն արժանացավ կինոփառատոնի ամենապատվավոր մրցանակին «Փարաջանովյան թալերին», իսկ Շմիդտի «Բալերի անունները» ֆիլմը հաղթեց «Խաղարկային կինո» անվանակարգում։

Closing ceremony of the 'Golden Apricot 13th Yerevan International Film Festival' at Moscow Cinema

«Շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին, որ երեք տարի համոզելուց հետո նրանք կարողացան համոզել ինձ այցելել Հայաստան։ Գիտեմ, թե որքան դժվար է կազմակերպել նման փառատոններ։ Ուզում եմ նշել, որ դերասանի համար շատ կարևոր է փոխգործակցությունը հանդիսատեսի հետ, իսկ Հայաստանում նա ամենաբարյացակամն է»,– ասաց Բիսեթը։

Նա խոստացավ սովորել հայերեն, որպեսզի հետագայում ավելի հեշտ շփվի հայերի հետ, նշեց, որ տպավորված է Գառնիի տաճարից։
«Դեռ շատ բան եմ ուզում իմանալ Հայաստանի մասին և ինձ հետ տանում եմ ուղեցույց` ծանոթանալու համար», – ասաց Բիսեթը։

«Խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Արծաթե ծիրանի» և էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացավ իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղի «Անմահը» ֆիլմը։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն առաջին անգամ «Մշակույթի ասպետ» մեդալով պարգևատրեց ռուս կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովին կինոգիտության զարգացման գործում կատարած մեծ ներդրման և հայ–ռուսական հարաբերություններն ամրապնդելու համար։

Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց ռուս ռեժիսոր Եվգենի Գրիգորևի «Ձախ ափի հանդիման» ֆիլմը, իսկ «Արծաթե ծիրանի» է արժանացել Եժի Սլադկովսկու «Դոն Ժուան» ֆիլմը։

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» ֆիլմը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմ է ճնաչվել Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմը։ Լավագույն հայկական լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը։

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին լավագույն սցենարի համար արժանացել է Դավիդ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակով» ֆիլմը։

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ փառատոնի նախագահի մրցանակը, որը ստացավ Աննա Մելիքյանը իր «Սիրո մասին» (2015) ֆիլմի համար:

«Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնն անցկացվեց Երևանում հուլիսի 10–17–ը։

Այս տարի «Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին։ Կինոփառատոնի շրջանակում ներկայացվեց մոտ 135 ֆիլմ, որոնցից 43–ը` մրցութային երեք ծրագրերում` «Խաղարկային ֆիլմերի մրցույթ», «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» և «Հայկական համայնապատկեր»։

Կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեցին համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների գլուխգործոցները «Երևանյան պրեմիերա», «Հայացք դրսից և ներսից», «Հատուկ ցուցադրում», «Հայ կինո. նոր ժամանակներ», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Ֆրանսիական կինոծրագիր», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերի շրջանակում։