ArmStyle

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ` տարբեր երկրներից:

Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը հայ կիթառահարներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին, իսկ կիթառի սիրահարները հնարավորություն կստանան ունկնդրել յուրօրինակ երաժշտություն և մասնակցել վարպետության դասերի:

Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Փառատոնի բացման համերգին` հունիսի 28-ին, ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփփելը (Գերմանիա):

Քեփլն իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգային փառատոնների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ:

Հյուբերթ Քեփփելը ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Հիմնադրել է Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիա):

Բացման երեկոյին հանդես կգա նաև փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Հունիսի 29–ին կայանալիք փառատոնային երկրորդ համերգին ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Մուրինը դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում:

Փակման երեկոյին` հուլիսի 1-ին, հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա): LOFT ինքնազարգացման կենտրոնում նախատեսված է կազմակերպել Դյակովի վարպետության դասը:

Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:

Հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում իր հարուստ փորձով կկիսվի Հյուբերթ Քեփփելը, իսկ Դմիտրի Մուրինը հունիսի 30-ին վարպետության դասընթաց կանցկացնի «Այբ» դպրոցում:

Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները։

Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը: