Կինո

«Դովլաթով» ֆիլմի դերերի համար դերասաններ են փնտրում մի քանի երկրներում, այդ թվում` Հայաստանում, հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերին։

Նա հայտնել է, որ գլխավոր դերի հիմնական թեկնածուներից մեկը սերբ դերասան Միլան Մարիչն է։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ գրողի դերը կկատարի ռուս դերասան, բայց ընտրությունը դեռ շարունակվում է։

«Արդեն հսկայական աշխատանք է տարվել, շուտով որոշում կկայացնենք»,– պարզաբանել է Գերման կրտսերը։ Նա ավելացրել է, որ Մարիչի հետ բանակցությունները շարունակվում են։ «Մենք նրան հիմնական թեկնածու ենք համարում։ Նախևառաջ, Միլանը շատ նման է Սերգեյ Դովլաթովին, երկրորդ` նա հիանալի դրամատիկ դերասան է»,– ասել է ռեժիսորը։

Գերման կրտսերի խոսքով, վերջնական որոշումը կհայտարարվի, ամենայն հավանականությամբ, հունվարի վերջին։ «Այժմ բազմաթիվ երկրներում, մասնավորապես, Ֆինլանդիայում և Լեհաստանում, ընտրություն է անցկացվում, տարբեր դերերի համար դերասաններն են փնտրում Հայաստանում, – նշել է ռեժիսորը։ – Նկարահանման առաջին օրը նշանակվել է արդեն այս ամիս»։

Ֆիլմը կպատմի գրողի կյանքի մի քանի օրերի մասին։ Միլան Մարիչը 34 տարեկան է։ Նա խաղացել է տասը ֆիլմերում, որոնց թվում է «Մամարոշը», որը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, ինչպես նաև «Շքերթը», «Բոշան փաշա չի դառնա»։
Սերգեյ Դոնաթովիչ Դովլաթովը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 3–ին Ուֆայում թատերային ռեժիսոր Դոնաթ Մեչիկի և գրական սրբագրիչ Նոռա Դովլաթովայի ընտանիքում։ 1944 թվականին և նախքան արտագաղթը 1978 թվականին Դովլաթովն ապրել է առավելապես Լենինգրադում։

1972 թվականի սեպտեմբերից մինչև 1975 թվականի մարտը Դովլաթովն ապրել է Էստոնիայում։ Տալլինյան գրանցում ստանալու համար մոտ երկու ամիս հնովապան է աշխատել կաթսայատանը` միաժամանակ լինելով «Խորհրդային Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից։ Ավելի ուշ ընդունվել է աշխատանքի «Էստոնիայի ծովային» թերթում պատասխանատու քարտուղարի պաշտոնում։ Եղել է «Երեկոյան Տալլին» քաղաքային թերթի արտահաստիքային աշխատող։ 1972 թվականի ամռանն ընդունվել է աշխատանքի «Խորհրդային Էստոնիա» թերթի տեղեկատվության բաժնում։

1978 թվականին Դովլաթովը ԽՍՀՄ–ից տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ դարձել է «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Դովլաթովը մահացել է 1990 թվականի օգոստոսի 24–ին Նյու Յորքում սրտի անբավարարությունից։ Հուղարկավորվել է Նյու Յորքի «Մաունթ Հեբրոն» (Mount Hebron Cemetery) գերեզմանատանը։ -0-