ArmStyle

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած 13-ամյա Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյանը) երեքշաբթի երկրպագուներին ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով: Պատանիների խնդիրները բարձրաձայնելու կոչով ներկայացող Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաև «New Generation», «Betty World» և «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի խթանել սերը կյանքի, աշխարհի, հայրենիքի, աշխատասիրության և ընկերասիրության հանդեպ՝ ուրախություն տարածելով ամենուր:

Բեթթին պատմել է, որ «New Generation» նախագիծը նվիրված է հենց նոր սերնդին: «Ես նոր սերնդի ներկայացուցիչներից մեկն եմ և հույս ունեմ, որ պատվով եմ այն ներկայացնում», — նշել է պատանի երգչուհին: Նա ասել է, որ «New Generation»-ի տեսահոլովակի նկարահանումների նախապատրաստական աշխատանքները բավական երկար են տևել, տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բադալյանն է: «Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են իմ հասակակիցները: Չնայած, որ մենք շատ էինք հոգնում, մեզ հաջողվում էր նաև շատ շփվել և ծիծաղել», — ավելացրել է Բեթթին:

Երգչուհին պատմել է, որ «New Generation» երգի տեսահոլովակը ավելին է քան, զուտ գեղարվեստական աշխատանքը: «Դա հզոր աշխատանք է, այնտեղ նույնիսկ կա դրվագ, երբ ես գեներալի դեր եմ խաղում, իսկ տղաները` զինվորների: Դրանով մենք ցանկանում էինք ասել, որ, չնայած մեր երիտասարդ տարիքին, մենք մեր կրթվածության շնորհիվ կարող ենք ամեն ինչ հաղթահարել», — պարզաբանել է նա: Պատանի երգչուհին նաև առաջարկել է հունիսի 7-ը հռչակել Պատանիների տոն։

Երգի խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Ալիս Դարբինյանը, երաժշտության հեղինակն է Վահրամ Պետրոսյանը: Երգչուհի Բեթթին «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` ներկայացնելով People of the sun երգը։