Աստղային կյանք

Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան պաշտոնապես այր և կին են դարձել։

Մոսկվայի Գագարինի ՔԿԱԳ գրասենյակում կայացած արարողությանը ներկա են եղել միայն նորապսակները և զույգի մի քանի մտերիմ ընկերներ։ Արմեն Բորիսովիչը և նրա ընտրյալը նախապես գրանցման օրը ընտրել էին շաբաթվա կեսին, որ կարողանան համատեղել ՔԿԱԳ այցելությունը Ջիգարխանյանի թատրոնի առօրյա գործերի հետ։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская 2_article

Մրսածության պատճառով հարսանիքի ամսաթիվը կարող էր փոխվել` Արմեն Բորիսովիչն օրեր առաջ բարձր ջերմությամբ տեղափոխվել էր հիվանդանոց, բայց բուժման կուրսն արագ ավարտվեց։ Բժիշկները դուրս են գրել Ջիգարխանյանին ամուսնության գրանցումից մեկ օր առաջ, և այսօր արարողությունից առաջ նա հասցրել էր փորձի մասնակցել թատրոնում, գրում է 7days.ru–ն։

Սա Ջիգարխանյանի երրորդ ամուսնությունն է։ Նրա միությունը Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հետ արդեն 15–ամյա հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է։ Այդ սիրավեպի մասին լուրերը թատերական շրջանակներում վաղուց էին պտտվում, բայց Ջիգարխանյանի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով` դրանք չէին քննարկվում։

Պաշտոնապես Ջիգարխանյանն ամուսնացած էր, բայց փաստացի ընտանիքը վաղուց էր մասնատվել` նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, երկար տարիներ առաջ տեղափոխվել է ԱՄՆ և գրեթե զրոյի հասցրել շփումն ամուսնու հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ջիգարխանյանը վերջնական որոշում է ընդունել և ապահարզան ձևակերպել։ Հենց այդ ժամանակ էլ մամուլում հայտնվել էր Վիտալինայի առաջին հարցազրույցը, որում նա հաստատել էր դերասանի հետ ունեցած հարաբերությունների մասին լուրերը։

Երկար տարիներ շարունակ հենց Վիտալինան է եղել Արմեն Ջիգարխանյանի կողքին` և երբ նա հիվանդ էր, և երբ աշխատանքային բարդագույն հարցեր էր լուծում։