Կինո

«Աստղային պատերազմների» «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» (Star Wars: The Force Awakens) նոր դրվագի համաշխարհային վարձույթը հերթական ռեկորդն է սահմանել` ռեկորդային կարճ ժամանակում հավաքելով 1 մլրդ դոլար: Այս մասին հայտնել են Disney-ի ներկայացուցիչները, գրում է РБК-ն` վկայակոչելով Associated Press-ին: Ժապավենը կարողացել է մեկ միլիարդ դոլար հավաքել վարձույթի մեկնարկից 12 օրվա ընթացքում:

Նախկին ռեկորդակիրը «Յուրյան դարաշրջանի աշխարհն» (Jurassic World) էր, որը նույնքան գումար էր հավաքել պրեմիերայից 13 օրվա ընթացքում: «Ուժի զարթոնքը» ավելի վաղ վարձույթի համաշխարհային ռեկորդ էր սահմանել՝ առաջին հանգստյան օրերին գերազանցելով «Յուրյան դարաշրջանի աշխարհն» ավելի քան 3 մլն դոլարով: «Աստղային պատերազմների» նոր դրվագը հանգստյան օրերին ամբողջ աշխարհում հավաքել է 528 մլն դոլար: «Յուրյան դարաշրջանի աշխարհի» հավաքածը կազմում էր 524,9 մլն դոլար:

The Walt Disney ընկերության նախագահ Ռոբերտ Հայգերը նշել է, որ վարձույթի գումարը գերազանցել է ընկերության ֆիլմից ունեցած ակնկալիքները: Իսկ Morgan Stanley-ի վերլուծաբան Բենջամին Սուինբըրնի խոսքով, Disney-ն «Աստղային պատերազմների» նոր դրվագից կարող է վաստակել ընդհանուր առմամբ մոտ 1,35 մլրդ դոլար: Մինչ օրս «Աստղային պատերազմների» ամենաեկամտաբեր դրվագը 1999 թվականին դուրս եկած «Գաղտնի սպառնալիքն» էր, որը վարձույթի ողջ ընթացքում հավաքեց մոտ 1 մլրդ դոլար:

«Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 17-ին: